կարևոր
1852 դիտում, 4 ժամ առաջ - 2025-10-30 23:36
Հասարակություն

Նա ծնվեց բարի սրտով, գնաց անսասան հոգով` 33 օր վիրավոր վիճակում շարունակելով մարտը. քրոջ հուզիչ գրառումը եղբոր մասին

Նա ծնվեց բարի սրտով, գնաց անսասան հոգով` 33 օր վիրավոր վիճակում շարունակելով մարտը. քրոջ հուզիչ գրառումը եղբոր մասին

Վարդենիսի ավագանու անդամ, դաշնակցական Արաքս Հայրապետյանը պատերազմում զոհված եղբոր մասին անդրադարձ է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.

«Այսօր լրանում է իմ եղբոր՝ Արտաշես Հայրապետյանի անմահության հինգ տարին։

Հինգ տարի առանց նրա ձայնի, բայց հինգ տարի՝ նրա անունով ապրած հպարտությամբ։

Արտաշեսը ոչ միայն իմ եղբայրն էր, այլև մեր տան ուժն ու հավատը։ Նա ծնվեց բարի սրտով, իսկ գնաց՝ անսասան հոգով՝ հայրենիքի համար։

2020-ի պատերազմում նա կանգնեց այն գծին, որտեղ ավարտվում է վախը և սկսվում է խիզախությունը։ Նա իր կյանքը տվեց, որ մեր հողը կանգուն մնա, որ մեր ազգը շարունակի ապրել։

Եվ այսօր, երբ անցել է հինգ տարի, ցավը նույնն է, բայց նաև՝ հպարտությունը նույնն է։

Արտաշեսը ոչ թե պարզապես զինվոր էր, այլ մարդ, ով հավատում էր իր պայքարի արդարությանը։

Նա 33 օր վիրավոր վիճակում շարունակեց մարտը՝ Արցախյան տարբեր շրջաններում՝ չհանձնվելով, չնահանջելով երբեք։

Նա պայքարում էր ոչ միայն հողի, այլև ժողովրդի, մեր ապագայի համար:

Արտաշեսը մեզ համար պարզապես զոհված զինվոր չէ, այլ ապրող հիշողություն, որի անունը չի մոռացվի երբեք։

Նա մեր ընտանիքի հերոսն է, մեր ժողովրդի որդին, մեր Հայրենիքի պահապանը։

Եվ մինչ մենք ապրում ենք, նրա անունը կապրի մեզ հետ՝ որպես լույս, որպես ուժ, որպես հավերժության խորհրդանիշ»: