Փոխարժեքներ
15 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 442.18 |
RUB | ⚊ | ₽ 4.7703 |
GBP | ⚊ | £ 507.67 |
GEL | ⚊ | ₾ 141.31 |
Google-ի մայր ընկերությունը՝ Google Alphabet-ը, 15 միլիարդ դոլար կներդնի Հնդկաստանի հարավային Անդհրա Պրադեշ նահանգում արհեստական բանականության տվյալների մշակման կենտրոնի կառուցման գործում, հաղորդում է BBC News-ը։
Վիշախապատնամ նավահանգստային քաղաքում կառուցվելիք կենտրոնը կդառնա Google-ի 12 երկրներ ընդգրկող արհեստական բանականության կենտրոնների գլոբալ ցանցի մաս։
«Դա արհեստական բանականության խոշորագույն կենտրոնն է, որտեղ մենք մտադիր ենք ներդրում կատարել աշխարհի ցանկացած վայրում՝ ԱՄՆ-ից դուրս»,- երեքշաբթի մայրաքաղաք Դելիում անցկացված միջոցառման ժամանակ հայտարարել է Google Cloud-ի գործադիր տնօրեն Թոմաս Կուրիանը՝ հավելելով, որ ներդրումը կբաշխվի առաջիկա հինգ տարիների ընթացքում։
Հայտարարությունը հնչում է այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկյան ընկերություններին ներքին ներդրումներին առաջնահերթություն տալու կոչ է անում։
Հնդկաստանը դարձել է արհեստական բանականության տվյալների մշակման կենտրոնների համար կարևոր վայր։ Երկրի տվյալների փոխանցման ցածր արժեքը և արագ աճող ինտերնետ օգտատերերի բազան այն դարձրել են տեխնոլոգիական հսկաների համար ամպային հաշվարկների և արհեստական բանականության տեղակայման կենտրոն, նշում է BBC-ն։
Alphabet-ի գլխավոր տնօրեն Սունդար Պիչային հայտարարել է, որ ձեռնարկությունը «մեր առաջատար տեխնոլոգիաները կհասցնի Հնդկաստանի ձեռնարկություններին և օգտատերերին՝ արագացնելով արհեստական բանականության նորարարությունը և խթանելով աճը ամբողջ երկրում»։
Նախագիծը Անդհրա Պրադեշի կառավարության 2029 թվականին 6 ԳՎտ հզորությամբ տվյալների մշակման կենտրոն կառուցելու ծրագրի մի մասն է, գրում է Bloomberg News-ը։ Տվյալների մշակման կենտրոնները ֆիզիկական կառույցներ են, որոնք տեղավորում են կազմակերպությունների կողմից տվյալներ հավաքելու, մշակելու, պահելու և տարածելու համար օգտագործվող հաշվողական և ցանցային սարքավորումները։ Դրանք պարունակում են սերվերներ, պահեստավորման համակարգեր և ցանցային սարքավորումներ, մասնավորապես՝ router-ներ (տարբեր ցանցային հատվածների միջև՝ կանոնների և երթուղայնացման աղյուսակների հիման վրափաթեթներ փոխանցող մասնագիտացված սարք -խմբ.) և Brandmauer-ները, ինչպես նաև դրանց շահագործման համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի և սառեցման համակարգերը։ Անդհրա Պրադեշում կառավարությունը տրամադրում է հողի և էլեկտրաէներգիայի սուբսիդիաներ՝ համաշխարհային ներդրողներ ներգրավելու համար։
Հնդկաստանի տվյալների կենտրոնների արդյունաբերությունը վերջին հինգ տարիների ընթացքում արագորեն աճել է՝ գերազանցելով 1 ԳՎտ նշագիծը 2024 թվականին և գրեթե եռապատկելով 2019 թվականի մակարդակը, ըստ JLL գլոբալ մասնագիտական ծառայություններ մատուցող ընկերության «Հնդկաստանի տվյալների մշակման կենտրոնների շուկայի դինամիկա 2024» զեկույցի։