կարևոր
868 դիտում, 4 ժամ առաջ - 2025-10-10 14:14
Քաղաքական

«3+3» ձևաչափով հանդիպումը մինչև տարեվերջ կանցկացվի Երևանում կամ Բաքվում

«3+3» ձևաչափով հանդիպումը մինչև տարեվերջ կանցկացվի Երևանում կամ Բաքվում

Ռուսաստանը կողմ է մինչև 2025 թվականի ավարտը «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի չորրորդ նախարարական հանդիպման անցկացմանը: Այս փուլում աշխատանքներ են տարվում հանդիպման նախապատրաստման ուղղությամբ։ Հայ-ռուսական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն արեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Մենք Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումների մեջ ենք, որովհետև հերթականության հարց կա։ Այսինքն՝ և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերը պատրաստ են նման նիստ անցկացնել իրենց երկրներում, միայն պետք է համաձայնեցնել հերթականության կարգը։ Մենք, բնականաբար, ամեն կերպ օժանդակում ենք դրան», - ասաց դիվանագետը։

Դեսպանի խոսքով` հարթակի բոլոր մասնակիցները, որոնք կապ են պահպանում թուրքական և իրանական կողմերի հետ, ելնում են նրանից, որ դա օգտակար, պահանջված ձևաչափ է, և տարածաշրջանի խնդիրների լուծման գործում առանցքային դեր պետք է խաղան հենց տարածաշրջանի պետությունները:

«Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է։ Իհարկե, երրորդ երկրների մասնակցությունը կարող է արժեքավոր լինել, բայց այն պետք է կառուցվի ըստ իրողությունների և տարածաշրջանային երկրների շահերի», - ասաց դիվանագետը։