կարևոր
895 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-05 18:02
Աշխարհ

Դեկտեմբերին Մոսկվայում ԲՐԻԿՍ+ ձևաչափով հակաահաբեկչական համաժողով կանցկացվի

Դեկտեմբերին Մոսկվայում ԲՐԻԿՍ+ ձևաչափով հակաահաբեկչական համաժողով կանցկացվի

Դեկտեմբերի 3-4-ը Մոսկվայում տեղի կունենա ԲՐԻԿՍ+ հակաահաբեկչական համաժողովը՝ մի շարք այլ միջազգային կազմակերպությունների և կառույցների փորձագետների մասնակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։

«Ռուսաստանի ԱԳՆ հովանու ներքո Մոսկվայում դեկտեմբերի 3-4-ին կկայանա «ԲՐԻԿՍ+ 2025 հակաահաբեկչական համաժողով. առաջացող մարտահրավերների և անվտանգության սպառնալիքների պայմաններում ահաբեկչության հակազդման ազգային և տարածաշրջանային ռազմավարությունները» միջոցառումը, որին կմասնակցեն պատկան պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և ԲՐԻԿՍ+ երկրների գիտական շրջանակների ներկայացուցիչները, որոնք զբաղվում են հակաահաբեկչության և հակածայրահեղականության համալիր ուսումնասիրությամբ: Քննարկումներին կմիանան նաև ՄԱԿ-ի, ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի և ՀԱՊԿ-ի փորձագետները», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ մասնակիցները կքննարկեն նաև ծայրահեղականության և բնակչության արմատականացման փորձերի դեմ պայքարը: Պատվիրակները հատուկ ուշադրություն կդարձնեն ահաբեկչության վերացման տեսական ասպեկտներին, կգնահատեն ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում անվտանգության սպառնալիքները:

Համաժողովը կոչված է լրացնելու միավորման պետությունների համալիր ջանքերը, որոնք ձեռնարկվում են ԲՐԻԿՍ-ի հակաահաբեկչական աշխատանքային խմբի շրջանակում, և նպաստելու ԲՐԻԿՍ-ի հակաահաբեկչական ռազմավարության (2020 թվական), դրա իրականացման գործողությունների ծրագրի (2021 թվական) ամուր հիմքի վրա պրոֆիլային համագործակցության ամրապնդմանը: