կարևոր
1048 դիտում, 6 ժամ առաջ - 2025-10-09 13:51
Աշխարհ

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հորդորում են անհապաղ կյանքի կոչել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի  միջև համաձայնությունը

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հորդորում են անհապաղ կյանքի կոչել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի  միջև համաձայնությունը

Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները կոչ են արել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին պահպանել հաստատված հրադադարի ռեժիմի պայմանները։ 

«Մեծ հույսեր կան գերիների և նրանց ընտանիքների, Գազայում գտնվող պաղեստինցիների և ամբողջ տարածաշրջանի համար։ Ես ողջունում եմ այս գիշեր կայացված համաձայնությունը գերիներին ազատ արձակելու և Գազայում հրադադար հաստատելու վերաբերյալ։ Բարձր եմ գնահատում նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը, ինչպես նաև Կատարի, Եգիպտոսի և Թուրքիայի միջնորդներին, որոնց օգնությամբ այս ամենն իրականություն դարձավ։ Կոչ եմ անում բոլոր կողմերին խստորեն պահպանել հրադադարի պայմանները։ Այս համաձայնությունը պետք է նախանշի պատերազմի ավարտը և երկու պետության գոյության հիման վրա խնդրի քաղաքական կարգավորման սկիզբը։ Ֆրանսիան պատրաստ է աջակցել այս նպատակին»,- գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր էջում՝ հավելելով, որ այս հարցը Փարիզում քննարկման կդրվի միջազգային գործընկերների հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ևս հորդորել է հետևողականորեն կյանքի կոչել պայմանավորվածությունները։ «Այս համաձայնությունը պետք է կյանքի կոչվի լիարժեքորեն, առանց հապաղման։ Այն պետք է ուղեկցվի Գազայում կենսական նշանակություն ունեցող հումանիտար օգնության առաքման հետ կապված բոլոր սահմանափակումների անհապաղ վերացմամբ»,- ասել է Սթարմերը Հնդկաստան կատարած այցի շրջանակում։ 

Շնորհակալություն հայտնելով միջնորդ երկրներին դիվանգիտական ջանքերի համար՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը համոզմունք է հայտնել, որ համաձայնության կյանքի կոչումը հատկապես կարևոր է իսրայելցի գերիների ընտանիքների ու Գազայի բնակիչների համար։