կարևոր
769 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-30 19:07
Աշխարհ

Ահաբեկչություն Պակիստանում. 10 մարդ զոհվել է, 32-ը՝ վիրավորվել

Ահաբեկչություն Պակիստանում. 10 մարդ զոհվել է, 32-ը՝ վիրավորվել

Պակիստանի Քվետա քաղաքի Սահմանապահ կորպուսի կենտրոնակայանից ոչ հեռու գտնվող բանուկ փողոցում պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել, ևս 32-ը վիրավորվել է:

Այս մասին հայտնել է Պակիստանի Բելուջիստան մարզի առողջապահության նախարար Բախտ Մուհամմադ Քակարը։

«Պայթյունի հետևանքով զոհվել է տասը մարդ, 32-ը վիրավորվել է։ Տուժածները տեղափոխվել են քաղաքացիական հիվանդանոց և վնասվածքաբանության կենտրոն», – նախարարը հայտնել է Dawn հրատարակությանը։

Քվետայի ոստիկանության ներկայացուցիչ Մուհամադ Բալոչի խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ականապատ ավտոմեքենան Մոդել Թաունից թեքվել է դեպի Հալի Ռոուդ՝ Սահմանապահ կորպուսի կենտրոնակայանից ոչ հեռու։

Բելուջիստան մարզի գլխավոր նախարար Միր Սարֆրազ Բուգտին խստորեն դատապարտել է միջադեպը՝ այն որակելով որպես ահաբեկչական ակտ։

«Միջադեպից հետո անվտանգության ուժերն օպերատիվորեն և արդյունավետորեն արձագանքել են՝ վերացնելով չորս ահաբեկչի», – գրել է նա X-ի իր միկրոբլոգում։

Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին հայտարարել է, որ դա մահապարտի կողմից իրականացված ահաբեկչական ակտ էր։

«Նախագահը խստորեն դատապարտել է Քվետայում «Ֆիթնա ալ Խավարիջ» խմբավորման կողմից իրականացված ահաբեկչական հարձակումը», – ասվում է նախագահի գրասենյակի հայտարարության մեջ։

«Ֆիթնա ալ Խավարիջ»-ը տերմին է, որը Պակիստանում օգտագործվում է արգելված «Թեհրիքի Թալիբան Պակիստան» շարժմանը պատկանող ահաբեկիչներին նշելու համար։