կարևոր
355 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-30 14:25
Հասարակություն

Դուք ոչ թե ուրացել կամ նսեմացրել եք, այլ պղծել եք ամեն ինչ. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ին

Դուք ոչ թե ուրացել կամ նսեմացրել եք, այլ պղծել եք ամեն ինչ. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ին

ԱԺ-ում ելույթ ունենալով՝ Քրիստինե Վարդանյանը շեշտել է, որ Հայոց ցեղասպանության ուրացումը պետք է քրեականացվի ցանկացած պարագայում, անկախ նրանից՝ արդյոք այն ուղեկցվում է ատելություն կամ խտրականություն հրահրելու նպատակով։ Վարդանյանի խոսքով՝ գործող 136-րդ հոդվածում դրված «եթե»-ն թույլ է տալիս, որ առանց այդ նպատակների ցեղասպանության ժխտումը չհամարվի հանցագործություն․

«Ավելի պարզ հայերենով ասեմ․ եթե այս նպատակը չկա, ցեղասպանության ժխտումը չի քրեականացվել։ Իսկ մենք ասում ենք՝ պետք է քրեականացվի։»

Նա կասկածի տակ է դրել այն քաղաքական գործիչների դիրքորոշումը, ովքեր դեմ են փոփոխություններին․

«Ի՞նչն է ձեզ այդպես անհանգստացրել, որ հերոսաբար պայքարում եք այս օրենքի դեմ։ Հայ մարդը այս օրենքի հետ ի՞նչ խնդիր կարող է ունենալ։ Խնդիր կարող է ունենալ այն մարդը, որի թիմի ղեկավարը… օրինակ Նեթանյահուի հայտարարությունից հետո ասում է՝ այդ ճանաչումը մեզ ի՞նչ խնդիր է լուծում»։

Վարդանյանը ընդգծել է, որ ցեղասպանության ժխտումը պետք է դատապարտվի և քրեականացվի, քանի որ այն անմիջական կապ ունի հայ ժողովրդի անվտանգության հետ։ Ելույթը նա եզրափակել է պահանջով՝ նախքան ուրիշներին մեղադրելը, հրապարակել 44-օրյա պատերազմում զոհվածների ճշգրիտ ցուցակը․

«Նախքան ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի ցանկեր կազմելը, մի հատ դրանից առաջ 44-օրյա պատերազմում նահատակների ամբողջական ցուցակ հրապարակեք, որ աջ ու ձախ բոլորին չմեղադրեք թիվ կեղծելու մեջ»։

Ընդհանուր առմամբ՝ Վարդանյանը ընդգծել է, որ ցեղասպանության ուրացումը պետք է քրեականացվի առանց պայմանների, իսկ դրա դեմ պայքարող ուժերը, ըստ նրա, գործում են քաղաքական շահերից ելնելով։

Մանրամասն՝ տեսանյութում։