կարևոր
451 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-24 12:05
Հասարակություն

Զարհուրելի դեպք ագրարային համալսարանում. Հայկ Ղազարյան

Զարհուրելի դեպք ագրարային համալսարանում. Հայկ Ղազարյան

Փաստաբան, տեխնիկական գիտությունների թեկնածու Հայկ Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«2024 թվականի հուլիս ամսին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ֆիզիկայի դասախոս Գվիդոն Մատինյանը հեռուստատեսությամբ ելույթ ունենալով քննադատել է համալսարանի վարած քաղաքականությունը, քանի որ ուսանողների թիվը այնքան էր պակասել համալսարանում, որ այն կանգնած էր և ներկայումս կանգնած է փակման եզրին: 

Բացի այդ, նա կատարել է մի շարք բացահայտումներ, որի հիման վրա հարուցվել էր քրեական գործ առանձնապես խոշոր չափերի հափշտակության հիմքով, որին առերևույթ ներքաշված է համալսարանի ղեկավարությունը: Այդ գործը մինչ այժմ քննվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում:

2025 թվականին Գվիդոն Մատինյանին տարբեր մարդիկ, տարբեր տեղերից հորդորում էին ելույթ չունենալ և չքննադատել համալսարանի ղեկավարությանը, (այդ անձանց ինքնությունը հարկ եղած դեպքում կբացահայտենք) սպառնալով, որ  կազատեն աշխատանքից: Տեսնելով, որ Գվիդոն Մատինյանը հակված է համալսարանի ծառացած խնդիրները լուծելուն ուղղված գործողություններ իրականացնելուն, շանտաժի միջոցով փորձել են սպառնալ և սպառնացել են, որ եթե շարունակի խոսել եթերով, ինչպես նաև եթե հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակներում ներկայանա և ցուցմունքներ տա և աջակցի նախաքննությանը, ապա նրան կազատեն աշխատանքից: 

Նաև հետաքրքիր է, որ այդ անձանց հայտնի են եղել տեղեկություններ, որոնք քրեական գործի շրջանակներում համարվում են նախաքննական գաղտնիք: Նույնիսկ մարդիկ տեղեկացված են, թե երբ և ով է հարցաքննվել այդ վարույթի ընթացքում:

2025 թվականի հուլիս ամսին Գվիդոն Մատինյանից վերցվել է գրություն չգիտեմ ինչպես այն կոչեմ (ղազագիր), որ Գվիդոն Մատինյանը խոստանում է, որ ղեկավարության վերաբերյալ քննադատական ելույթ չի ունենա և եթե ելույթ ունենա, ապա նա անձամաբ դիմում կգրի և կհեռանա: 

Գվիդոն Մատինյանը օգոստոս ամսին ևս ելույթ ունեցավ հեռուստատեսությամբ և մատնանշեց համալսարանում տեղի ունեցող ապօրինությունները, որի հետևանքով նրան 29.08.2025 թվականին ազատեցին աշխատանքից:

Այսինքն 2025 թվականին 21-րդ դարում, մարդուն ազատում են աշխատանքից իր արտահայտած կարծիքի, դիրքորոշման, հայացքների համար և որպես սպառնալիք նաև գրություն են ստիպում գրել, որ ինքը չի քննադատի համալսարանի ղեկավարությանը: Այսինքն պարզ է, որ հենց համալարանի ղեկավարությունն է այս ամենի կազմակերպիչը: 

Ես մինչ 2018 թվականը լսել էի համալսարանում առկա խնդիրների մասին, սակայն այսպիսի զարհուրելի դեպքերի, երբ մարդուն ստիպում են ղազագիր գրել, որպեսզի չազատեն աշխատանքից, չէի հանդիպել և կարծում էինք, որ 2018 թվականից հետո ագրարայինում ինչ-որ բան է փոխվել, բայց պարզվում է, որ այնտեղ նույն բարքերն են մնացել նույն դերակատարներով, ավելի կատարելագործված ինչ 2018 թվականից առաջ էր:

Բնականաբար, մենք կբողոքարկենք այդ ապօրինի հրամանը առաջին հերթին խտրականության դրսևորման հիմքով, բայց ցանկանում եմ շեշտել, որ նման իրավիճակում է մի ամբողջ բուհ, որտեղ աշխատանքային հարաբերությունները կառուցված են վախի, սպառնալիքի վրա: 

Այսօր պարոն Մատինյանը դա բարձրաձայում է, սակայն ինչքան չբարձրաձայնված դեպքեր կան, որի պատճառով շատ հմուտ մասնագետներ, ովքեր համարձակվում են ունենալ սեփական կարծիք, անհիմն սպառնալիքի ազդեցության տակ ազատվում են աշխատանքից: 

Սա պահանջում է խստորեն դատապարտում և պատասխանատուներին պատասխանատվության կանչել:

Ես ստանձնում եմ պարոն Մատինյանի պաշտպանությունը և ընթացքում կներկայացնեմ հետաքրիր բացահայտումներ սույն գործի հետ կապված»: