Միասին կարող ենք
կարևոր
1111 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-30 11:46
Հասարակություն

Վերաքննիչ դատարանը անդրադարձել է ագրարային համալսարանի ոչ ադեկվատ պահվածքին. Հայկ Ղազարյան

Վերաքննիչ դատարանը անդրադարձել է ագրարային համալսարանի  ոչ ադեկվատ պահվածքին. Հայկ Ղազարյան

Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ղազարյանը ֆեյբուքի իր էջում գրել է.

-Հայաստանի ազգային ագրարային համալսարանից խնդրել էի տրամադրել 2021 թվականից մինչև 2024 թվականը ներառյալ հոգաբարձուների խորհրդի նիստերի արձանագրությունները, որոնք անհասկանալի ձևով առկա չեն հիմնադրամի պաշտոնական կայքում: Ագրարային համալսարանը բնականաբար չէր տրամադրել և հայց էի ներկայացրել դատարան պահանջելով պարտավորեցնել տրամադրել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2021-2024 թվականների նիստերի արձանագրությունները:

Առաջին ատյանի դատարանը` դատավոր Սերինե Խաչատրյանի նախագահությամբ անհիմն կերպով մերժել էր հայցը պատճառաբանելով, որ հիմնադրամը չի կրում պարտականություն տրամադրելու հոգաբարձուների խորհրդի նիստերի արձանագրությունները։ Ավելին՝ դատարանը նշել էր, որ հոգաբարձուների խորհրդի նիստերի արձանագրությունները չեն հանդիսանում կամ պարունակում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի իմաստով տեղեկություններ։

Սակայն Վերաքննիչ քաղաքացիական դատարանը գտնվելով իր բարձունքի վրա բավարարեց իմ կողմից ներկայացված բողոքը և իրավաբանորեն հստակ հիմնավորեց և նշեց հետևյալը.

Վերաքննիչ դատարանն անհիմն է գնահատում Դատարանի հետևությունն այն մասին, որ հիմնադրամը չի կրում պարտականություն տրամադրելու հոգաբարձուների խորհրդի նիստերի արձանագրությունները։ Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հայցը մերժելու մասին Դատարանի հետևությունն իրավաչափ չէ, դատական ակտն ենթակա է բեկանման, միևնույն ժամանակ գործով անհրաժեշտ է իրականացնել ամբողջ ծավալով նոր քննություն:

Նաև վերաքննիչ դատարանը անդրադարձել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից ոչ ադեկվատ պահվածքին նշելով հետևյալը.

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում ընդգծված արձանագրել, որ վերաքննիչ բողոքի պատասխանը բովանդակում է վերաքննիչ բողոքի քննության և լուծման համար իրավական արժևորում չունեցող, ոչ պիտանի, պատասխան ներկայացրած անձի սուբյեկտիվ ընկալումներին խարսխված բողոք ներկայացրած անձի նկատմամբ անհարգալից որակումներ, ինչն անթույլատրելի է և խնդրահարույց է վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացրած անձի կողմից դատավարական իրավունքներից բարեխղճորեն օգտվելու համատեքստում:

Ու՞ր է հասել ագրարային համալսարանը, երբ դատարանն է սաստում կառույցին, որը չի օգտվում իր դատավարական իրավունքներից բարեխղճորեն:

Հիշեցնենք, որ ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, իսկ ռեկտորը՝ ՀրաչյաՉօ Զաքոյանը: