կարևոր
700 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-04 18:22
Աշխարհ

Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը գերազանցել է 64 000-ը

Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը գերազանցել է 64 000-ը

Լուսաբացից ի վեր իսրայելական ուժերի հարձակումների հետևանքով Գազայի հատվածում զոհվել է 45 պաղեստինցի, որոնցից 28-ը՝ Գազա քաղաքում: Այսպիսով, պատերազմի մեկնարկից ի վեր Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 64 231-ի, վիրավորվել է 161 583 մարդ։ Աս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով պաղեստինյան անկլավի առողջապահական իշխանություններին։

Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում սովից և թերսնումից ևս 3 մարդ է մահացել։ Այսպիսով, սովի և թերսնման զոհերի թիվը հասել է 370-ի, որոնցից 131-ը երեխաներ են։

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը, ՅՈւՆԻՍԵՖ-ը, Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը կրկին ահազանգում են Գազայում ծայրահեղ վատ իրավիճակի մասին՝ կոչ անելով դադարեցնել անկլավի պաշարումը։

Իսրայելական ուժերը հարձակումներ են իրականացրել նաև Արևմտյան ափի մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Ռամալլահից հյուսիս գտնվող Ջալազուն փախստականների ճամբարում։

Տեղեկություններ են հաղորդվում, որ իսրայելական ուժերը տարհանման նոր հրաման են արձակել Արևմտյան ափի հյուսիսում գտնվող Թուլկարմի արևելյան շրջանի բնակիչների համար։