կարևոր
1744 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-17 15:37
Հասարակություն

Ովքե՞ր են Ժաննայի 220-ում կամ «աննախադեպ» ընդունելության իրական պատկերը

Ովքե՞ր են Ժաննայի 220-ում կամ «աննախադեպ» ընդունելության իրական պատկերը

Այսօր Ազգային Ժողովում պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հարց է ուղղել ԿԳՍՄ նախարար Ժաննա Անդրեասյանին` անդրադառնալով ագրարային համալսարանի խայտառակ վիճակին: Դանիելյանը մասնավորապես խնդրել է նշել, թե քանի շրջանավարտ է ագրարայինը տվել մեր երկրին:  

Սանտեխնիկայի բնագավառում հայտնի տիկին Ժաննան ոչ միայն չպատասխանեց պատգամավոր Դանիելյանին հարցին, այլ իրեն յուրահատուկ ոճով սկսեց գլուխ գովել, որ պետության կողմից տրամադրվող բարձր կրթաթոշակների արդյունքում ագրարային համալսարան ընդունվել է 220 ուսանող:

Հիմա ներկայացնենք իրական պատկերը: 2024 թ. միասնական ընդունելության քննությունների արդյունքում ագրարային համալսարանի 14 մասնագիտություններում ընդունվել 11 դիմորդ, իսկ 2023թ.` 14 դիմորդ:

Տիկի՛ն Ժաննա, 11 թիվը փոքր է 15-ից 4-ով:

1. Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ – 2023 թ. - 0, 2024 թ. - 0,

2. Ճշգրիտ գյուղատնտեսություն – 2023 թ. - 0, 2024 թ. - 2,

3. Կենդանագիտություն և կենսատեխնոլոգիա – 2023 թ. - 0, 2024 թ. - 0,

4. Անասնաբուժական-սանիտարական փորձաքննություն – 2023 թ. - 0, 2024 թ. - 1,

5. Սննդամթերքի անվտանգություն – 2023 թ. - 0, 2024 թ. - 2,

6. Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում– 2023 թ. - 0, 2024 թ. - 0,

7. Ջերմատնային ագրոտեխնոլոգիա – 2023 թ. - 0, 2024 թ. - 2,

8. Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն – 2023 թ. - 1, 2024 թ. - 0,

9. Մեքենասարքավորումների ճարտարագիտություն – 2023 թ. - 1, 2024 թ. - 0,

10. Անասնաբուժություն – 2023 թ. - 1, 2024 թ. - 1,

11. Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա – 2023 թ. - 2, 2024 թ. - 0,

12. Բույսերի պաշտպանություն – 2023 թ. - 2, 2024 թ. - 0,

13. Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն – 2023 թ. - 4, 2024 թ. - 1,

14. Պարենամթերքի տեխնոլոգիա – 2023 թ. - 6, 2024 թ. -2,

ԸՆԴԱՄԵՆԸ՝ – 2023 թ. - 15, 2024 թ. – 11:

Ինչ վերաբերում է ձեր վկայակոչած թվին, ապա դուք հավանաբար հատուկ մոռանում եք նշել, որ այդ թիվը ներառում է մագիստրատուրա ընդունվածների քանակը: 220 ընդունվածների 73%-ը մագիստրանտներն են: Ընդ որում՝ այդ մագիստրատուրա ընդունվածների թիվը համարյա հավասար է նախանցած տարի ընդունվածների թվաքանակին:

Ավելին, որ ժամանակ ունենաք, ուսումնասիրեք նաև 2024 թ. ընդունված մագիստրանտների ցուցակը, որտեղ կարող եք գտնել համալսարանի բազմաթիվ աշխատակիցներ, դոցենտներ, ամբիոնի վարիչ, ռեկտորի վարորդ և այլն: Իսկ պատճառն ավելի քան պարզ է: Տված կրթաթոշակը որոշ դեպքերում ավելի բարձր է, քան ռեկտոր Զաքոյանի կողմից դասախոսներին տրված աշխատավարձը:

Տիկի՛ն Ժաննա, խորհուրդ կտանք այսուհետ Ազգային ժողովում պատգամավորների հարցերին պատասխանել հստակ, ըստ էության և զերծ մնալ ՀՀ հայտնի քաղաքներից մեկում տարածված ասացվածքից` «Որ սո՛ւտ է, թող ճո՛խ լինի»:

Հ.գ. Ի դեպ, այս կրթաթոշակների ծրագրի համար ՀՀ հարկատուների միջոցներից ծախսվում է տարեկան շուրջ 200 միլիոն դրամ գումար: