կարևոր
4432 դիտում, 8 ժամ առաջ - 2025-06-15 11:28
Աշխարհ

Թեհրանը պատրաստ է համաձայնագիր կնքել, որը կերաշխավորի միջուկային զենքի բացակայությունը. Արաղչի

Թեհրանը պատրաստ է համաձայնագիր կնքել, որը կերաշխավորի միջուկային զենքի բացակայությունը. Արաղչի

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է համաձայնագիր կնքել, որը կերաշխավորի միջուկային զենքի բացակայությունը: Նրա խոսքով՝ այսօր Մասկատում պետք է կայանար միջուկային բանակցությունների 6-րդ փուլը: Օմանում նախատեսվող և չեղարկված բանակցությունների ժամանակ Իրանը մտադիր էր ԱՄՆ-ին ներկայացնել առաջարկներ, որոնք կարող էին հանգեցնել միջուկային գործարքին։

Նախարարը պնդում է, որ Թեհրանը միջուկային զենքի տարածումն արգելելու դիրքորոշման կողմնակից է: Իրանը պատրաստ էր հաստատել, որ միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում, ինչն արձանագրվել է 2015 թվականի գործարքում: Արաղչին միաժամանակ ընդգծել է, որ եթե պայմանագրի նպատակը Իրանին օրինական միջուկային իրավունքներից զրկելն է, ապա երկիրը պատրաստ չէ դրան:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ին հետ բանակցությունների հինգ փուլ այդ տրամաբանությամբ է ընթացել։ Վեցերորդ փուլում Թեհրանը պետք է ամերիկյան կողմին ներկայացներ հնարավոր համաձայնագրի ծրագիրը։

«Մենք պատրաստ ենք ցանկացած համաձայնության, որն ուղղված է Իրանում միջուկային զենքի հայտնվելը թույլ չտալուն, քանի որ դա մեր սեփական դոկտրինն է և մեր համոզմունքը, որ միջուկային զենքն արգելված է։ Իհարկե, եթե համաձայնագրի նպատակը Իրանին միջուկային իրավունքներից զրկելն է, ապա բնական է, որ մենք պատրաստ չենք նման համաձայնության»,-ասել է Արաղչին։

Իրանի ԱԳ նախարարը նաև հայտարարել է, որ իրենք կդադարեցնեն հարվածներն Իսրայելին, եթե վերջինս դադարեցնի ագրեսիան Իսլամական Հանրապետության նկատմամբ:

«Մենք պաշտպանվում ենք, դա ինքնապաշտպանություն է։ Բնականաբար, եթե դադարեցվի, մենք էլ կդադարենք պատասխանել»,-ասել է նա դեսպանների հետ հանդիպմանը, որը հեռարձակվել է իրանական հեռուստատեսությամբ։

Արաղչին հայտնել է, որ Իրանն ԱՄՆ-ից տարբեր խողովակներով ուղերձներ է ստացել, որոնցում պնդում են, թե Վաշինգտոնը չի մասնակցել և չի մասնակցի Իսրայելի հարձակումներին: Նախարարը հայտարարել է, որ Թեհրանը չի հավատում դրան։

Այս պատճառով, Արաղչիի խոսքով, Իրանն ԱՄՆ-ից սպասում է իրանական միջուկային ենթակառուցվածքի վրա Իսրայելի հարձակումների դատապարտում։

«Անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ն հստակ հայտարարի իր դիրքորոշումըև անկեղծորեն դատապարտի միջուկային ենթակառուցվածքի վրա հարձակումը»,-ասել է նա իրանական հեռուստատեսության եթերում:

Նրա խոսքով՝ Իսրայելը Իրանի միջուկային ծրագրին վերաբերող որևէ համաձայնագիր չի ուզում:

«Մենք կարծում ենք, որ մեր առաջարկը կարող էր ուղի հարթել համաձայնագրի համար, և միանգամայն ակնհայտ է, որ իսրայելական ռեժիմը միջուկային խնդրի շուրջ որևէ համաձայնագիր չի ուզում, բանակցություններ չի ուզում, դիվանագիտություն չի ուզում, իսկ Իրանից դեմ ագրեսիան միջուկային բանակցությունների թեժ պահին վկայում է իսրայելական ռեժիմի՝ ցանկացած բանակցության հակազդելու մասին»,-նշել է Արաղչին։

Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։