կարևոր
1324 դիտում, 1 օր առաջ - 2025-06-12 09:41
Քաղաքական

Էջմիածնի քաղաքապետարանում Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը միանշանակ չեն ընդունել. «Ժողովուրդ»

Էջմիածնի քաղաքապետարանում Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը միանշանակ չեն ընդունել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս հունիսի 7-ին ArmLur.am-ը գրել էր, որ հայրենի իշխանությունները Էջմիածին քաղաքի իրենց «սրտի» քաղաքապետի թեկնածուին են գտել: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ վարչության նիստում որոշում է կայացվել, որ իրենց թեկնածուն պետք է լինի Արմավիրի մարզպետ, ԱԺ նախկին պատգամավոր Արգիշտի Մեխակյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ քաղաքապետարանում Մեխակյանի թեկնածությունը միանշանակ չեն ընդունել, քանի որ Մեխակյանը նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի տեղակալն է եղել ու քաղաքապետարանում որպես պաշտոնյա նրան չեն ընդունել: Հիմա լարված իրավիճակ է այդ առումով, քանի որ հստակ գիտեն, որ Մեխակյանի գալով՝ դժվարին ու խնդիրներով լի աշխատանք է սպասվում:

Մեր աղբյուրները նշում են նաեւ, որ հայրենի իշխանությունները նպատակ ունեն առաջիկայում միավորելու Վաղարշապատ եւ Խոյ համայնքները, քանի որ Մեխակյանը, լինելով Խոյ համայնքի նախկին ղեկավար, կարող է ՔՊ-ին այնտեղից «ձայներ բերել». այս հարցը դեռեւս քննարկման փուլում է:

Հավելենք, որ այսօր տեղի կունենա Էջմիածին համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի արտահերթ նիստը: Նիստի ժամանակ տեղի են ունենալու Վաղարշապատ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները: Վաղարշապատ համայնքի ավագանու «Էջմիածին» խմբակցությունը մասնակցելու է արտահերթ նիստին եւ, որպես համայնքի ղեկավար, առաջադրելու է իր թեկնածուին` Սեւակ Խաչատրյանին: Սակայն մեր աղբյուրները նշում են, որ իշխանությունները նպատակ ունեն տապալելու նիստը»։