կարևոր
6274 դիտում, 10 ամիս առաջ - 2023-06-07 15:35
Քաղաքական

Հայաստանը կարող է դառնալ Թուրքիայի ազդեցության գոտի, թուրքական լեզուն կդառանա 2-րդ պետական լեզու․ Ստեփան Դանիելյան

Հայաստանը կարող է դառնալ Թուրքիայի ազդեցության գոտի, թուրքական լեզուն կդառանա 2-րդ պետական լեզու․ Ստեփան Դանիելյան

Այն անընդունելի թեզերը, որ «Արցախն Ադրբեջանի կազմում է», «անկլավները» պետք է հանձնվեն, խոսք է գնում ադրբեջանցիների «վերադարձի» մասին, երբ մենք խոսում և քննարկում ենք սրանք, մենք այդ երևույթները դարձնում ենք արդեն հավանական, ինչ-որ տեղ նաև ընդունելի և քննարկում ենք դա։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նրա խոսքով՝ այս խոսակցությունները շատ վտանգավոր են և մենք չպետք է մտնենք այդ քնարկումների մեջ։

«Որովհետև, եթե խոսք գնա, որ Կապանի կեսը պետք է ադրբեջանցիներ լինեն, որ Երևանում արդեն ադրբեջանական թաղաամասեր պետք է լինեն, Փաշինյանը կարող է ասել՝ գիտենք մենք գերագնահատում ենք այդ վտանգները , մենք էլ սկսեք քննարկել դա։ Սրանք շատ վտանգավոր հայտարարություններ են»,- ասաց նա։

Անդրադառնալով «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը քաղաքագետը նշեց, որ հարցն այն է, թե այդ «խաղաղության պայմանագրի» մեջ ինչեր են գրված լինելու։

«Շատ դեպքերում իշխող խմբակը շեղում է մարդկանց ուշադրությունը՝ նշելով, որ՝ նայեք, ով դեմ է «խաղաղության  պայմանագրին», պատերազմ է ուզում, այսպես դեմագոգիայի միջոցով շեղում են մարդկանց։ Պետք է քննարկել ոչ թե «խաղաղության պայմանագրի» ստորագրման հարցը, այլ՝ բովանդակության հարցը, և դա պետք է լինի շատ կոնկրետ։ Իսկ եթե ադրբեջանական կողմը հայտարարում է, որ շատ մոտ ենք «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը՝ դա նշանակում է, որ իրենց պահանջները գործող իշխանությունը սկսել է բավարարել և իրենք հիմքեր ունեն նման հայտարարություն անելու համար»,- ասաց նա։

Անդրադառնալով Փաշինյանի Թուրքիա այցին, Ստեփան Դանիելյանը նշեց, որ Փաշինյանը գնացել էր Թուրքիա մոտ 20 երկրների ղեկավարների հետ․

«Փաշինյանը Թուրքիա էր գնացել թյուրքական աշխարհի և թուրքական ազդեցության տակ գտնվող երկրների ղեկավարների հետ, այն երկրների, որոնք ինչ-որ կերպ կախված են Թուրքիայից։ Եթե Փաշինյանն այնտեղ է հայտնվել, դա նշանակում է, որ ինչ-որ առումով նա գնացել է իր վարչապետությունը հաստատելու համար։ Հայաստանն արդեն թուրք-ռուսական ազդեցության գոտի է և Հայաստանի ղեկավարությանը հավակնող անձը պետք է 2 կողմի համաձայնությունը ստանա։ Նա գնացել է այնտեղ հաստատելու իր իշխանության մնալու վկայականը՝ համապատասխան որոշակի պայմաններով»,- ասաց քաղաքագետը՝ նշելով, որ թուրքական պահանջները շատ կոնկրետ են։

«Թուրքական պահանջները վերաբերվում են Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից հրաժարմանը, խորհրդանիշների փոփոխությունը, օրինակ՝ Արարատի պատկերը հանել զինանշանից, Ցեղասպանության հուշարձանի հետ կապված որոշակի պահանջներ, որոնց մասին վարչապետն արդեն խոսել է․ և՛ Արարատի մասին է խոսել, և՛ խոսել է, որ Ցեղասպանության ճանաչումն ուրիշ երկրներ են մեզ պարտադրել, նկատի ունենալով Սովետական Միությանն ու Ռուսաստանին։ Թուրքիա գնալուց առաջ Գյումրիի հրապարակում բարձրացվեց Թուրքիայի դրոշը հիշեցնող դրոշ, սրանք իրականում շատերի մոտ պատահականություններ են թվում, բայց սա այն քայլերն են, որն անում է գործող իշխանությունը Թուրքիայի պահանջները բավարարելու համար։ Բնականաբար պահանջներ կան «անկլավների», միջանցքի, ադրբեջանցիներին վերաբնակեցման վերաբերյալ, որոնց մասին մենք դեռ կլսենք շուտով»,- ասաց նա։

Քաղաքագետը կարծում է, որ այս  գործընթացը, որն իրականացնում է այս իշխանությունը, Արցախի համար ողբերգական հետևանքների կարող է բերել․

«Իսկ Հայաստանը կարող է դառնալ Թուրքիայի ազդեցության գոտի, թուրքական լեզուն կդառանա 2-րդ պետական լեզու, Երևանում թուրքական համալսարան կլինի, քաղաքում մեծ քանակության թուրքեր կլինեին, որը կհանգեցի հայոց պետականության լուծարմանը։ Այս ամենը կանխելու համար Փաշինյանն ու իր կուսակցությունը պետք է հեռանան իշխանությունից։ Եթե Հայաստանի հանրությունն ու քաղաքական գործիչները կարողանան դրան հասնել, դա նշանակում է, որ Հայստանը քաղաքական փոփոխություն պետք է անի։ Դա չի նշանակում,  որ Թուրքիայի հետ պետք է պատերազմական իրավիճակում լինենք, դա նշանակում է, որ այդ պահանջների իրականացումը պետք է կանգնեցվի, պետք  է նոր բանակցող լինի՝ նոր պայմաններով»,- ասաց նա։

Լ. Ա.