կարևոր
4033 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-11 12:32
Աշխարհ

«Իսլամական ջիհադի» առաջնորդի սպանությունից հետո Գազայից վերսկսել են Իսրայելի հրթիռակոծությունը

«Իսլամական ջիհադի» առաջնորդի սպանությունից հետո Գազայից վերսկսել են Իսրայելի հրթիռակոծությունը

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) այս գիշեր սպանել է պաղեստինյան «Իսլամական ջիհադ»-ի հրթիռային ուժերի հրամանատար Ալի Ղալիին՝ թիրախավորելով Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքում գտնվող նրա տունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Jerusalem Post պարբերականը՝ վկայակոչելով ԻՊԲ-ի խոսնակի տարածած հայտարարությունը:

Ալի Ղալիի հետ միասին տանը թաքնված են եղել «Իսլամական ջիհադ»-ի ևս երկու անդամներ, որոնք նույնպես սպանվել են:

Ի պատասխան՝ Գազայի հատվածից այսօր առավոտից դարձյալ սկսել են հրթիռներ արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ: Իսկ գիշերը Սդերոտ և Աշկելոն քաղաքներում հրթիռները հարվածել են տների: Վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:

Մայիսի 10-ին Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 400 հրթիռ: Եգիպտոսը հրադադարի առաջարկ է ուղարկել, որը քննարկվում է Իսրայելի պաշտպանական գերատեսչության կողմից:

Իսկ Գազայի հատվածի առողջապահական իշխանությունները հայտնել են, որ մայիսի 9-ին Իսրայելի կողմից «Վահան և նետ» գործողության սկսվելուց ի վեր սպանվել է 25 պաղեստինցի, 76-ը վիրավորվել է:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Գազայում քաղաքացիական անձանց սպանությունները՝ դրանք անվանելով անընդունելի: Նա բոլոր կողմերին կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել:

Իր հերթին Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբիի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է լարվածությունը թուլացնելու անհրաժեշտությունը: