կարևոր
3115 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-17 11:28
Աշխարհ

Ուկրաինական և ռուսական կողմերը հաղորդել են փոխադարձ հարվածների մասին. 130 ռազմագերի վերադարձել է Ուկրաինա

Ուկրաինական և ռուսական կողմերը հաղորդել են փոխադարձ հարվածների մասին. 130 ռազմագերի վերադարձել է Ուկրաինա

Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվում են: Եվ՛ ռուսական, և՛ուկրաինական կողմերը հայտնել են վերջին օրերին փոխադարձ հարվածների մասին, որոնց հետևանքով երկու կողմից էլ կան զոհեր և վիրավորներ: Թեժ մարտեր են ընթանում Լիմանի, Բախմուտի, Ավդեևկայի և Մարյինկայի ուղղություններով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը:

Ըստ գերատեսչության առավոտյան տեղեկագրի՝ ռուսական ուժերը С-300 զենիթահրթիռային համակարգերից 25 հարված են հասցրել Զապորոժիեի և Նիկոլաևի մարզերի քաղաքներին: Ռուսական կողմը նաև 42 ավիահարված է հասցրել և համազարկային կրակի ռեակտիվ  համակարգերից 46 անգամ գնդակոծել է տարբեր ենթակառուցվածքներ: Ուկրաինական կողմը հաղորդում է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և բնակելի ու հասարակական շենքերին հասցված վնասների մասին:

Ուկրաինական լրատվամիջոցները նաև հաղորդում են, որ ապրիլի 14-ին ռուսական ուժերի կողմից Սլավյանսկում բնակելի շենքի գնդակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, 24 մարդ վիրավորվել է:

Ռուսական կողմն իր հերթին հաղորդում է ուկրաինական հարվածների մասին: Ըստ ТАСС գործակալության՝ գիշերը Խերսոնի մարզում գնդակոծության է ենթարկվել 4 բնակավայր: Բացի այդ, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ուղղությամբ արձակվել է 80 արկ, որի հետևանքով 1 խաղաղ բնակիչ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել:

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից նաև հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով Դոնեցկ քաղաքում հոսանքազրկումներ են տեղի ունեցել:

Հոսանքազրկումներ են տեղի ունեցել նաև Ռուսաստանի Բելգորոդի մարզում: Ըստ նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի՝ Բելգորոդի և Բելգորոդի շրջանի քաղաքացիական օբյեկտներում երկու հրդեհ է բռնկվել, որոնք մեկուսացվել են: Տուժածներ չկան: Տեղի բնակիչները սոցիալական ցանցերում գրել են, որ հրդեհները բռնկվել են էլեկտրական ենթակայաններում. Բելգորոդ քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրական հոսանքի: Ըստ տարբեր լրատվամիջոցների՝ Բելգորոդին հարվածել է անօդաչու թռչող սարք:

Ի դեպ, «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ իր հրահանգով Զատկի տոնի կապակցությամբ Ուկրաինա է վերադարձվել 100-ից ավելի ռազմագերի: ՌԴ Պաշտպանության նախարարությունը գերիների վերադարձի մասին տեղեկություն չի հրապարակել:

Իր հերթին Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում գերիների փոխանակման շրջանակներում Ուկրաինա է վերադարձել 130 ռազմագերի: Նա չի հստակեցրել, թե քանի ռազմագերի է վերադարձվել Ռուսաստանին: