կարևոր
3583 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-12 09:50
Քաղաքական

Ինչո՞ւ գլխավոր դատախազը խուսափեց ուղիղ պատասխանել Թագուհի Թովմասյանի հարցին. «Ժողովուրդ»

Ինչո՞ւ գլխավոր դատախազը խուսափեց ուղիղ պատասխանել Թագուհի Թովմասյանի հարցին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը երեկ խորհրդարանում հարց ուղղեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին:

«Տիկի՛ն դատախազ, Դուք աշխատել եք ՀՀ վճռաբեկ դատարանում 2007 թվականից: 2008-2009 թվականներին Սասուն Միքայելյանի, Նիկոլ Փաշինյանի եւ «Մարտի 1»-ի գործով անցնող մյուսների վերաբերյալ քրեական գործերի վճիռները կայացվել են մոտավոր հենց այդ ժամանակում: Կխնդրեմ ասել՝ օրինակա՞ն էին այդ դատավճիռները, թե՞ ոչ՝ իբրեւ Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական եւ օգնական»: Սակայն ՀՀ գլխավոր դատախազը Թագուհի Թովմասյանի այս եւ մյուս հարցերը համարեց հարցի քննարկմանը ոչ վերաբերելի (քննարկվում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին հարցը): Նա հայտարարեց, թե, որպես իրավաբան, դատական ակտերը քննարկելու իրավունք չունի:

Այսպիսով, գլխավոր դատախազը խուսափեց հստակ պատասխանել՝ այո կամ ոչ: Մինչդեռ եթե հարցին պատասխան տրվեր՝ այո, ապա պարզ կլիներ, որ իսկապես ապօրինություններ են եղել: Բանն այն է, որ դատավորների օգնականները հիմնականում նախագծում են կայացվելիք որոշումների եւ վճիռների նախագծերը, եւ Աննա Վարդապետյանը չէր կարող գոնե չիմանալ, թե ինչ վճիռներ են կայացվել քանի որ եղել է օգնական: Իսկ եթե Աննա Վարդապետյանը պատասխաներ, որ ապօրինություն չկա, ամեն ինչ օրինական է եղել, նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն իսկապես հանցագորություն է իրականացրել, ապօրինի հավաքներ է կազմակերպել, սադրել է եւ չի եղել քաղբանտարկյալ:

Այդ դեպքում անհասկանալի է, թե ինչպես է Վարդապետյանը աշխատել որպես Նիկոլ Փաշինյանի օգնական՝ նրան համարելով հանցագործ: Ահա սա էր պատճառը, որ դատախազը խուսափեց ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական պատասխան տալ՝ ասելով, թե կայացված ակտերի մասով կարծիք հայտնելու իրավունք չունի: Բայց, միեւնույնն է, Թագուհի Թովմասյանի կողմից հնչած հարցերին՝ ապօրինի են եղել 2008-ի արյունալի դեպքերի վճիռները, թե ոչ, ՀՀ գլխավոր դատախազը պետք է ի վերջո պատասխանի։ Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով կայացված շատ դատավճիռներ կա՛մ արդարացվել են, կա՛մ Եվրադատարանով «կոտրվել»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում