կարևոր
5629 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-11 10:58
Քաղաքական

Եղբորս բանտում պահում են, որ նա չխանգարի այն ամենին, ինչ կատարվում է Արցախում․ «Հրապարակ»

Եղբորս բանտում պահում են, որ նա չխանգարի այն ամենին, ինչ կատարվում է Արցախում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանի դեմ ցուցմունքները հավաքվել են առանց ցուցմունք տվողներին տեղյակ պահելու, թե որ գործի շրջանակում են իրենք հարցաքննվում։ Նրանց մի մասն առերեսումների ժամանակ է տեղեկացել, որ վկայություն է տվել Միշկոյի դեմ։ Եղել են մարդիկ, որոնք, իմանալով, թե ինչի համար են օգտագործվելու իրենց վկայությունները, հրաժարվել են դրանցից։ Մյուսներինն էլ հերքվել են առերեսումների ժամանակ։ 

Այս մասին մեզ պատմեց գեներալ Միքայել Արզումանյանի քույրը՝ Ծովինար Խաչատրյանը։ «Բոլոր դեմ ցուցմունքները, հենց հերթը հասնում է առերեսումներին, հերքվում են։ Առերեսումների ժամանակ ոչ մի ապացույց ձեռք չի բերվել, այդ ցուցմունքները փաստերով չեն ապացուցվում։ Անցել է 6 ամիս, բայց մեղադրանքներից ոչ մեկը չի հաստատվել»,- ասում է գեներալի քույրը։ Հիշեցնենք․ Միքայել Արզումանյանը, որը ՊԲ հրամանատար է եղել պատերազմի 44 օրերից վերջին 12 օրերին՝ 2020 թվականի հոկտեմբերի 27-ից, երբ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը վիրավորվել էր եւ այլեւս չէր կարող պաշտոնավարել, մեղադրվում է Շուշիի անկման համար։ Նա, ըստ Քննչական կոմիտեի, Շուշիի եւ հարակից տեղանքի պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ է վերաբերվել իր պարտականություններին, չի ապահովել զորքերի մարտական հնարավորությունների արդյունավետ օգտագործումը, առաջադրված խնդիրների հաջող կատարումը եւ այլն, եւ այլն։ 

Գեներալին բերման են ենթարկել «մասկի շոուով»՝ որպես վտանգավոր հանցագործի, առանց ծանուցագիր ցույց տալու, մի ամբողջ օր պահել են դատարանում՝ կալանքի նիստին սպասելով։
Նրա քույրը բողոքի ակցիաներ էր կազմակերպում ի պաշտպանություն եղբոր։ Նրա համար Լաչինի միջանցքի փակ լինելն ու եղբոր փակված լինելը բանտում փոխկապակցված իրողություններ են։ Մեր զրույցը Ծովինար Խաչատրյանի հետ այդ մասին է։ 

- Կարելի՞ է արդյոք Շուշիի անկման ողջ պատասխանատվությունը բարդել գեներալի վրա, ով ընդամենը 12 օր է ղեկավարել Արցախի ՊԲ-ն:

- Իհարկե, անարդար է։ Դա միայն ես չէ, որ ասում եմ՝ նրա քույրը։ Մեր ողջ ժողովուրդն է ասում, որ դա անարդար է։ Բոլորը միակարծիք են, որ նրանք, ովքեր վաճառել են Արցախը, այսօր ազատության մեջ են, իսկ միակ մարդը, որը պատրաստ էր ինքն իրեն սպանել, բայց ոչ մի քայլ չէր անի ընդդեմ հայրենիքի, բերդում է։ Բոլոր նրան ճանաչողները շոկի մեջ են։ Շուշին առիթ էր։ Ոչ մի ապացույց չկա, ու բոլոր մեղադրանքները կատարյալ հիմարություն են։ Մարդկանց պետք էր՝ ինչ ուզեն, անեն, ու որ իրենց խանգարող չլինի․ քաղաքական պատվեր էր սա։ 

- Ինչո՞վ էր խանգարում գեներալ Արզումանյանը ու ինչի՞ն։  Ի՞նչ կաներ, որ… 

- Ես մի քիչ նկարագրեմ ընկեր Արզումանյանին, ոչ թե որպես քույր նկարագրեմ, այլ՝ որպես քաղաքացի։ Ցանկացած արցախցու եթե հարցնեք, նա շատ հայրենասեր, հայրենիքին նվիրված, համեստ, զուսպ, չծախվող, ոչ մեկին չքծնող, ուղղամիտ մարդ է եւ խուլիգանների համար եղել է որպես կոկորդին կանգնած ոսկոր։ 

- Ի՞նչ է ասում իր դեմ ցուցմունք գրողների մասին։ Տեղյա՞կ է, թե ովքեր են այդ մարդիկ։ 

- Նա շատ լավ գիտի, թե ով ինչ է գրել, բայց այս էժանագին կլոունադան միտված է եղբորս հնարավորինս երկար բանտում պահելու համար, որ նա չխանգարի այն ամենին, ինչն այսօր կատարվում է, Ղարաբաղի հանձնմանը։ Նրա օրոք նրանք չէին կարող ոչինչ անել։ 

- Կարծում եք, նա կընդդիմանա՞ր, եթե ազատության մեջ լիներ։ 

- Ես չեմ կարծում, ամբողջ Ղարաբաղն է այդպես մտածում։ Նա այն ժամանակ, երբ հրամանատար էր, թուրքին արգելում էր անցնել Մարտակերտի շրջանով, Մարտունիով, Կարմիր Բազարով։ Ահա ինչու նրան Ալիեւի հրամանով հանեցին այդ պաշտոնից ու առհասարակ հեռացրին, մեկուսացրին, որ նա ոչ մեկին չխանգարի։ Անգամ փոքրիկ երեխան Արցախում գիտի, թե ով է Միքայել Արզումանյանը։ Եթե նա ազատության մեջ լիներ, ժողովուրդը նրա կողմից կլիներ, ու նա կօգներ բացել ճանապարհը։ Նրան փակեցին, որ ոմանք անեն, վերջացնեն իրենց ստոր գործերը, վաճառեն ամեն ինչ, վաճառեն Ղարաբաղն ու հանգստանան։ Միայն եղբայրս չէ։ Այսօր սպաների շրջանում դժգոհություն է հասունանում։ Ներքին խոսակցություն կա զինծառայողների մեջ, թե ինչքան պետք է լռենք, ու եթե Լաչինի ճանապարհի հարցը չլուծվի, մենք ոտքի կկանգնենք»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում