կարևոր
2800 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-27 14:29
Քաղաքական

Հաագայի դատարանի որոշումը ձևակերպում է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժ ապահովելու Ադրբեջանի պարտավորությունը. Եղիշե Կիրակոսյան

Հաագայի դատարանի որոշումը ձևակերպում է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժ ապահովելու Ադրբեջանի պարտավորությունը. Եղիշե Կիրակոսյան

Միջազգային դատարաններ Հայաստանի բոլոր հայցերը, ժամանակավոր միջոցներ կիրառելու դիմումներն ուղեկցվում են Ադրբեջանի կողմից նմանատիպ հայելային հայցերով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ Ադրբեջանի նպատակն է հնարավորինս աղմուկ ստեղծել և փորձել նվազեցնել Հայաստանի ներկայացրած դիմումների ազդեցությունը:

«Կարող եմ ասել, որ դա չի հաջողվում Ադրբեջանին: Ես դա ասում եմ՝ հիմնվելով կոնկրետ արդյունքի վրա: Օրինակ, վերջին արդյունքը, երբ Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի պահանջը մերժվեց, իսկ Հայաստանի պահանջը բավարարվեց: Միջազգային կազմակերպություններում ընդունված որոշումները ևս փաստում են այդ հանգամանքը»,-ասաց Եղիշե Կիրակոսյանը:

Արդարադատության միջազգային դատարան Հայաստանի վերջին դիմումը վերաբերում էր Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը: Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների առնչությամբ դատարանը գտել էր, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը Լաչինի միջանցքով խաթարվել է։ Դատարանը նշել էր, որ այս իրավիճակը առաջացրել է մի շարք հետևանքներ, և որ այդ ազդեցությունը պահպանվում է մինչ օրս:  Դատարանը բավարարել էր Հայաստանի ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը և պարտավորեցրել էր Ադրբեջանին՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Չնայած դատարանի որոշմանը, Ադրբեջանը դեռ շարունակում է փակ պահել Լաչինի միջանցքը: Եղիշե Կիրակոսյանը նկատեց, որ դատարանը պահանջը կատարելու վերաբերյալ ժամկետներ չի նշում, սակայն ընդգծված է՝ այն ունի պարտադիր կատարման բնույթ, ինչը նշանակում է, որ պետությունը պետք է կիրառի քայլեր որոշման հրապարակման պահից սկսած:

«Ցավոք, միջազգային իրավունքում չունենք այնպիսի ինստիտուտ, որը կզբաղվի որոշումների հարկադրաբար կատարման ուղղությամբ հարցերով: Այն մարմինը, որը որոշակի պատասխանատվություն է կրում Արդարադատության միջազգային դատարանի վճիռների, որոշումների կատարման ուղղությամբ, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն է, որը, երբ հարցը խնդրահարույց կդառնա, իրավասու կլինի միջամտել գործընթացին: Անվտանգության խորհրդի միջամտությունը, հասկանում ենք, որ բարդ է: Թեպետ, մինչ դրան հասնելը, կան շատ այլ միջոցներ իրավական գործընթացից մաքսիմալ պտուղներ քաղելու համար»,-ասաց Եղիշե Կիրակոսյանը:

Նրա խոսքով՝ արդեն նկատվեց, որ դատարանի որոշումից հետո շատ երկրներ ԱԳ նախարարների մակարդակով սկսեցին հայտարարություններ անել՝ հղում կատարելով դատարանի որոշումների վրա: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարություն կատարեց՝ հղում կատարելով դատարանի որոշման վրա:

«Դրանք կարևոր գործընթացներ են, մաքսիմալ պետք է ճնշումներն ուժեղացնել այս ուղղությամբ: Ի դեպ, դատարանի այս որոշումը շատ կարևոր է նաև իրավաքաղաքական առումով: Բացի եռակողմ հայտարարությունից, ստացվում է, որ ունենք ևս մեկ միջազգային իրավական փաստաթուղթ, որը ձևակերպում է Լաչինի միջանցքով անխափան անցնելու հանգամանքը կամ Ադրբեջանի՝ դա ապահովելու պարտավորությունը»,-ասաց Եղիշե Կիրակոսյանը:

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչն ընդգծում է, որ այս իրավական գործընթացը պետք է համատեղվի քաղաքական, դիվանագիտական ակտիվ աշխատանքով: