կարևոր
6076 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-24 14:50
Արցախ Քաղաքական

Եթե խաղաղության պայմանագիրն այդ տեսքով ստորագրվի, Արցախը վերածվելու է Ջավախքի, տարիներ անց՝ Նախիջևանի. Օսկանյան

«Մենք բոլորս լավ հասկանում ենք, որ չնայած միջազգային իրավունքն ունի իր դերը խնդիրների կարգավորման հարցում, բայց մեծ հաշվով վերջում, հատկապես երբ խոսքը գնում է կոնֆլիկտների կարգավորման ու երկրների սուվերենության մասին, հարցը լուծվում է քաղաքական հարթությունում»,- «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը։

Ըստ նրա, հիմնավոր փաստ կա, որ Հայաստանի իշխանություններն արդեն բանավոր, ինչ որ տեղ նաև փաստաթղթային, օրինակ Պրահայի փաստաթուղթը, համաձայնություն են տվել, որ Արցախը լինի, մնա Ադրբեջանի կազմում։

«Սա իսկապես շատ վտանգավոր երևույթ է։ Այս ամենն իր ամրագրումն է  ստանալու, երբ ստորագրվի այսպես կոչված խաղաղության պայմանագիրը։ Այն, ինչ այսօր կատարվում է  դիվանագիտական հարթությունում, Հահաստանը՝ համագործակցությամբ Ադրբեջանի ու միջնորդների, փորձում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու ու Արցախը նրա կազմում ներառելու հանգամանքին տալ այնպիսի փաթեթավորում, որը կքողարկի հենց այս  հանգամանքը։ Այսօր այդ դիվանագիտական աշխատանքն է գնում, ինչու չէ՝ եթե ստացվի իրենց մոտ, դա կներկայացնեն որպես ձեռքբերում»,- ասաց Վ. Օսկանյանը։

Նա նշեց, որ այդ փաթեթավորումը ունի երկու դրսևորում. «Մեկը լեզվական, բովանդակային դրսևորումն է, մյուսը՝ ոճային ու PR-արային։

Իշխանությունների համար, իհարկե, դժվար կլինի լղոզել, փաթեթավորել կամ քողարկել Արցախը Ադրբեջանի կազմում  թողնելու հանգամանքը։ Քողարկումը հիմնականում վերաբերելու է նրան, որ փաստաթղթում դրույթ է լինելու, որ  իբր, հակառակ նրան, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ու ընդունում է, որ Արցախը պետք է նրա կազմում լինի, բայց վերջիվերջո երկխոսություն է լինելու  Արցախի հայության ներկայացուցիչների ու Բաքվի միջև, որը և  տպավորություն է ստեղծելու, որ հակառակ այդ բոլորին, դեռևս Արցախի ժողովուրդը հնարավորություն ունի ինքնորոշվելու  ու իբր այդ պատուհանը բաց է թողնվելու։

Եթե այդ պայմանագիրն իսկապես ստորագրվի այն բովանդակությամբ, որը ես նկարագրեցի,  Արցախը կվերածվի  Ջավախքի։ Այսօր ինչպես ունենք ջավախահայություն, ունենալու ենք նաև արցախահայություն։ Մենք բոլորս հիշում ենք, որ 1990-ականներին Ջավախքում մարդիկ էին ձերաբակալվում, խնդիրներ էին լինում,  Վրաստանի իշխանությունները պատվիարկություն էին ուղարկում, հանդիպումներ էին ունենում Ջավախքի  համայնքի ներկայացուցիչների հետ։ Նման մի բան լինելու է նաև Արցախում, բայց Արցախի ու Ջավախքի տարբերությունը  կայանալու է նրանում, որ  մի քանի տարի, գուցե տասնամյակ անց, Արցախն արդեն Ջավախքից վերածվելու է Նախիջևանի։ Այդ փաստաթղթի ստորագրումը բերելու է այս հետևանքների»,- ասաց Վարդան Օսկանյանը։