կարևոր
5158 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-24 11:43
Արցախ Քաղաքական

Արցախի ճանաչումը միջոց է կանգնեցնելու Արցախի ժողովրդին իրավունքների զանգվածային և սիստեմատիկ խախտումները. Արցախի ԱԳ նախարար

Արցախի միջազգային իրավական ճանաչումը միշտ եղել եւ շարունակում է արդիական մնալ Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովում իր ելույթում հայտարարեց Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը:

Նրա խոսքով Արցախի միջազգային ճանաչման հիմքերը իրավական, քաղաքական, պատմական տեսանկյունից ավելի քան բավարար են. «Արցախի ինքնորոշման եւ անկախության անցած ճանապարհը լիովին համապատասխանում ենթ ե միջազգային իրավունքի, թե ԽՍՀՄ-ի ժամանակին գործող իրավական նորմերին: 32 տարի առաջ Հանրապետության հռչակումը միակ միջոցն էր ապահովելու Արցախի ժողովրդի գոյությունը: 1991-ի դեկտեմբերի 10-ին էլ Արցախի ժողովուրդն իրացրել է իր ինքնորոշման իրավունքը: Հետագայում Ադրբեջանը փորձելով բռնի ուժով ճնշել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, երեք անգամ դիմել է հակամարտության ուժային լուծման, այդպիսով խախտելով միջազգային  իրավունքի եւ ՄԱԿ-ի կանոնադրության պահանջները: Իսկ հարաբերական խաղաղության շրջանում  Ադրբեջանը հետեւողականորեն վարել է էթնիկ ատելություն բորբոքող եւ խտրականության քաղաքականություն: Զուգահեռաբար  պաշտոնական Բաքուն 30 տարի շարունակ սաբոտաժի է ենթարկել միջազգային միջնորդների, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջազգային նորմերի հիման վրա ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բոլոր փորձերը՝ ամեն անգամ վերջին պահին հրաժարվելով փոխզիջումային լուծման շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններից: Արցախի եւ նրա 120 հազար բնակչության ավելի քան 70 օր շարունակվող շրձջափակումը Ադրբեջանի կողմից իրականացվող իրականացվող էթնիկ զտման քաղաքականության հերթական  օրինակն է»,-ասաց նա:

Արցախի ԱԳ նախարարը նաեւ հավելեց, որ Ադրբեջանի խտրական քաղաքականության վարման փաստը հաստատվել է նաեւ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի կողմից, որի որոշումներն արձանագրեցին Ադրբեջանի կողմից հայերի դեմ տարվող  ռասայական ատելության եւ խտրականության հրահրումն ու քարոզչությունը. «Դատարանի  եզրակացությունները թույլ են տալիս Ադրբեջանի քաղաքականությունը, այդ թվում Արցախի շրջափակումը, բնորոշել որպես Ադրբեջանի իշխանությունների կողմից միտումնավոր  իրականացվող խտրական գործողությունների դրսեւորում:

Միջազգային հանրության կողմից Արցախի անկախության ճանաչումը միջոց է կանգնեցնելու Արցախի ժողովրդին իրավունքների զանգվածային  եւ սիստեմատիկ խախտումները:

Իր հերթին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ պետական մակարդակով իրականացվող  հանցագործությունների մասշտաբները, էթնիկ զտման հանցավոր ծրագիրը  ավարտին հասցնելու փորձերը եւ հրաժարումը  խաղաղ բանակցություններից լրացուցիչ  հիմք են ճանաչելու Արցախի ժողովրդի ընտրության իրավաչափությունը հօգուտ անկախության:

Նկատի ունենալով գլոբալ համաշխարհային զարգացումները ու դրանց համատեքստում ի հայտ եկող նոր իրավական ու քաղաքական միտումները, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման վերոնշյալ  եւ մի շարք այլ հիմքերը,  այսօր  մասնագիտական հանրույթի կողմից մշակման եւ համապատասխան կարիք ունեն»,-ընդգծեց նա: