կարևոր
4174 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-06 15:11
Քաղաքական

Պետնախարարը և քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Ստեփանակերտի բնակչության հետ

Պետնախարարը և քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Ստեփանակերտի բնակչության հետ

Փետրվարի 4-ին ԱՀ Պետական նախարար Ռուբեն Վարդանյանը «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Ազատ հայրենիք», «Արդարություն» քաղաքական ուժերի ներկայացուցիչների, Ստեփանակերտի քաղաքապետի հետ միասին հանդիպումներ է ունեցել մայրաքաղաքի մի շարք թաղամասերի բնակիչների հետ:

Նախ պետնախարարը ներկայացրել է Արցախի շրջափակման հետևանքով ի հայտ եկած խնդիրները և ըստ այդմ Օպերատիվ շտաբի ձեռնարկած գործողությունները:

Պետնախարարը և ներկա պատգամավորները նաև պատասխանել են բնակիչների կողմից հնչեցված բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին Արցախի անվտանգությանը, շրջափակման մեջ հայտնված Արցախի ապագային, մեր իրավունքների մասին բարձրաձայնելուն:

Արտաքին դաշտում կատարվող աշխատանքների մասին հարցին պատասխանելով՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը նշել է, որ Արցախում սկսված ալիքը, բազմահազար ցույցերը ՀՀ-ում, համահայկական դաշտում, արտաքին աշխարհում հստակ ազդակ են փոխանցել, որ Արցախը չի վերջացել: «Վստահ եղեք, որ եթե այսօր Լոս Անջելեսում, Աթենքում, Փարիզում, Սիդնեյում և այլ տեղերում ապրող հայությունը նորից գլուխ է բարձրացնում, նշանակում է՝ հայությունը մեր կողքին է: Կա նաև Արցախի բարեկամների ցանցը, շրջանակը: Երկար տարիներ աշխատանք ենք տարել ու ստեղծել մի հարթակ, որ Ղարաբաղն ունենա օտարազգի բարեկամներ, որոնք գիտեն մեր դարդն ու ցավը: Այդ նույն մարդկանց պետք է նորից հավաքել, քանի որ աշխարհը փոխվում է, մարդիկ էլ են փոխվում»,- նշել է Դավիթ Իշխանյանը:

Անդրադառնալով պայքարի արդյունքների մասին քաղաքացիներից մեկի հարցին՝ պետնախարարը նկատել է՝ մի բան է, երբ ամեն ինչ անում ես ու չի ստացվում և լրիվ այլ բան, երբ ոչինչ չես անում:

«Վստահ եմ, եթե բոլորս որպես ազգ զգանք, որ մինչև վերջ կանգնել ու ամեն ինչ արել ենք, ուրիշ արդյունք է լինելու, եթե մենք հավատանք ինքներս մեզ, հավատանք արդարությանը, ապագային: Մեզնից կախվածը անում ենք, ոչ թե նստած սպասում հրաշքի»,- նշել է Ռ. Վարդանյանը՝ հավելելով, որ բնակիչների հետ հանդիպումները շարունակական բնույթ կկրեն: