կարևոր
2716 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-02 13:09
Քաղաքական

Ռուս-ուկրաինական «հակամարտության» և դրա ակունքների շուրջ

Ռուս-ուկրաինական «հակամարտության» և դրա ակունքների շուրջ

Համաշխարհային ԶԼՄ-ները արդեն երկար ամիսներ գրում ու խոսում են ռուս-ուկրաինական պատերազմի և ընդհանրապես այս պատմական հակամարտության մասին, բայց հայ ընթերցողի համար այս երևույթը, նրա ծագումն ու արմատները կարոտ են լուրջ բացատրության։

Նախ՝ ինքնին աբսուրդ է «ռուս-ուկրաինական» արտահայտությունը, քանզի ուկրաինականն ու ռուսականը նույն հարաբերության մեջ են, ինչ մասն ու ամբողջը, և ինչպես անհասկանալի կլիներ «հայ-արցախյան հակամարտություն» արտահայտությունը, այնպես էլ արտառոց է «ռուս-ուկրաինական հակամարտություն» ասվածը։

Երկրորդ՝ պատմականորեն «հակամարտությունը» ընթանում է ոչ թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, այլ Արևմուտքի և ռուսական աշխարհի, որի ներսում, ցավոք, գտնվեցին արևմտամետ դավաճաններ։

Փոքրիկ անդրադարձով անհնար է ամբողջությամբ ներկայացնել հարցի էությունը, սակայն կարելի է այն ուրվագծել՝ անդրադառնալով դրան պատմության ու աշխարհաքաղաքականության պրիզմայի միջոցով։

Սկսենք պատմությունից։ Դեռ 10-րդ դարի վերջին՝ քրիստոնեության ընդունումից կարճ ժամանակ անց, մեկ պետության մեջ միավորված արևելասլավոնական ցեղերը համախմբվեցին նաև ազգովի, և կազմավորվեց ռուս ժողովուրդը։ Կիևը այդ պետության մայրաքաղաքն էր և ռուս ժողովրդի հոգևոր կենտրոնը։ Կիևը ռուսական հոգևոր պատմության ակունքն է, նրա պատմական հիշողության առաջին կարևոր օջախը։ Թերևս սխալ չի լինի ասել, որ Կիևի՝ որպես հոգևոր և պատմական կենտրոնի դերը ռուս ժողովրդի համար նույնքան մեծ է, որքան Անիինը և Էջմիածնինը միասին վերցրած՝ հայերիս համար։ Կիևը ռուսական քաղաքների մայրն է։

Միասնական հին ռուսական պետության մասնատումից հետո ու հարևան ժողովուրդների նվաճումների հետևանքով 14-15-րդ դարերում ստեղծվեց մի իրավիճակ, երբ արևմտյան և հարավային ռուսական հողերը (ներառյալ Կիևը) հայտնվեցին լեհ-լիտվական նվաճողների իշխանության տակ, մինչդեռ արևելյան և հյուսիսային հողերում պահպանվեցին ռուսական իշխանությունները, որոնք աստիճանաբար միավորվեցին Մոսկվայի շուրջ։ Նման իրավիճակը հանգեցրեց ռուս ժողովրդի ներսում ազգագրական առումով առանձնահատկություններ ունեցող ենթախմբերի ձևավորմանը, որոնք, այնուամենայնիվ, շարունակում էին իրենց համարել հավաքական ռուս ժողովրդի մասեր։ Նույնիսկ այդ ենթախմբերի անվանումներն էին հաստատում դա՝ վելիկոռուսներ (Մեծ Ռուսիայի բնակիչներ), մալոռուսներ (Փոքր Ռուսիայի բնակիչներ), բելառուսներ (Սպիտակ Ռուսիայի բնակիչներ), այսինքն՝ ռուսներ, ռուսներ, ռուսներ… Հատկանշական է, որ 17-րդ դարում, երբ ներկայիս Ուկրաինայի կենտրոնական շրջանների բնակչությունը Բոգդան Խմելնիցկու գլխավորությամբ ապստամբեց լեհական զավթիչների դեմ և դիմեց մոսկովյան ռուսական թագավորությանը՝ միավորման համար, այդ միավորումը հիմնավորում էր ազգային ընդհանրությամբ։ Հաջորդ՝ 18-րդ դարի ընթացքում հին ռուսական գրեթե բոլոր հողերը միավորվեցին Ռուսական կայսրության կազմում՝ բացառությամբ ներկայիս Ուկրաինայի արևմուտքում գտնվող Գալիցիայի (Լվով քաղաքով), որը հայտնվեց Ավստրիական կայսրության կազմում։ Ինչ վերաբերում է ներկայիս Ուկրաինայի հարավային և հարավարևելյան հատվածներին, որոնք միասին հայտնի են Նովոռոսիա անվամբ, ապա այդ տարածքները բուն Ուկրաինայի հետ պատմականորեն թույլ կապ ունեն։ Մինչև 18-րդ դարը դրանք գրեթե անմարդաբնակ էին, գտնվում էին Օսմանյան կայսրության ու Ղրիմի խանության վերահսկողության տակ: Այնուհետև դրանք գրավել է Ռուսական կայսրությունը, որն այդ վայրերում հիմնել է մի շարք քաղաքներ՝ Օդեսա (1794 թ․), Նիկոլաև (1789 թ․), Խերսոն (1778 թ․), Մելիտոպոլ (1784 թ․), Բերդյանսկ (1827 թ․), Դոնեցկ (1869 թ․), Լուգանսկ (1795 թ․), Դնեպրոպետրովսկ (1776 թ., պատմական անվանումը՝ Եկատերինոսլավ) և այլն, և այլն։ Դեռևս 17-րդ դարում ռուսական պետությունը սեփական տարածքում հիմնել էր Խարկովը։ Նովոռոսիայի բնակեցումն ու յուրացումը տեղի է ունեցել ոչ միայն Ռուսական կայսրության և ապա ԽՍՀՄ կազմում լինելու շնորհիվ, այլև հիմնականում այսօրվա Ռուսաստանի տարածքից տեղափոխված բնակչության ուժերով։ Ավելորդ չի լինի նաև նշել, որ Ուկրաինան իր վերջին 150-200 տարվա տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական, գիտատեխնիկական մեծ վերելքի համար պարտական է մասամբ ցարական Ռուսաստանին, բայց առավելապես ԽՍՀՄ-ին:

Մի քանի խոսք «Ուկրաինա», «ուկրաինացիներ» հասկացությունների մասին։ «Ուկրաինա» բառն ունի ռուսական ծագում. միջնադարում նշանակում էր «ռուսական հողերի ծայրագավառ»։ Հատուկ անուն այն դարձել է միայն 16-րդ դարում, երբ լեհ զավթիչներն այդպես են կոչել իրենց արևելյան համեմատաբար ոչ մեծ տիրույթները Դնեպր գետի երկայնքով՝ Կիևից մինչև ներկայիս Զապորոժիե։ «Ուկրաինացի» հասկացությունն էլ լեհական կայսրությունում նշանակում էր «այդ տարածքում մշտական ռազմական ծառայություն անցնող», լիներ դա լեհ թե տեղացի կազակ։ Ժամանակի ընթացքում «ուկրաինացի» հասկացությունը ձեռք է բերում նաև աշխարհագրական իմաստ, այսինքն՝ «որոշակի տարածքում բնակվող», բայց ոչ էթնիկ իմաստ։ Օրինակ՝ Տարաս Շևչենկոյի ստեղծագործություններում, որը համարվում է նոր ուկրաինական գրականության հայրը, չկա ուկրաինական էթնոսի կամ ազգի մասին պատկերացում։ Դա նույնն է, որ Խաչատուր Աբովյանը չիմանար հայ ազգի գոյության մասին։ Ուշագրավ է, որ ինքը՝ Տարաս Շևչենկոն, իր իսկ գրած ու 1861 թվականին տպագրած այբբենարանն անվանել է «Հարավռուսերենի այբբենարան» («Букварь Южнорусский») այն պարզ պատճառով, որ «ուկրաիներեն» հասկացությունն իրեն անծանոթ էր։

Ուկրաինայի՝ որպես լայն աշխարհագրական հասկացության և ուկրաինացի ժողովրդի մասին արհեստական պատկերացումներն ի հայտ են գալիս միայն 19-րդ դարում առանձին գիտնականների աշխատություններում, որոնցից են, օրինակ, պոետ, փիլիսոփա և պատմաբան Պանտելեյմոն Կուլիշը (1819-1897) և պատմաբան, տնտեսագետ Միխայիլ Դրագոմանովը (1841-1895)։ Դարավերջին այդ տերմինները սկսում են գործածել ցարական իշխանություններին քաղաքական ընդդիմադիր հարավռուսական անջատողական շարժման ներկայացուցիչները։ Եվ միայն 1917 թ․ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո երկու զուգահեռ կազմավորումների ձևավորմամբ Ուկրաինան՝ որպես պաշտոնական անվանում, առաջին անգամ ստացավ իր գրանցումը։ Այդ կազմավորումներն էին ազգային անջատողական ուժերի հռչակած Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետությունը (1917-1920 թթ.՝ ընդմիջումներով) և բոլշևիկների հռչակած Ուկրաինայի Սովետական Ժողովրդական (ապա՝ Սոցիալիստական) Հանրապետությունը, որը ստեղծվեց 1917 թ․, ապա՝ 1922-1991 թթ․, ԽՍՀՄ կազմում էր, իսկ 1991 թ․ դարձավ առանձին պետություն։ Ուկրաինայի ստեղծմամբ պաշտոնական գրանցում ստացան նաև «ուկրաինացի ժողովուրդ» և «ուկրաիներեն» հասկացությունները։ Առաջին մարդահամարը, որի ժամանակ ռուս ժողովրդի մալոռուս հատվածը գրանցվեց (հարկադրաբար) որպես ուկրաինացի, 1926 թվականին էր։ 1920-1930-ական թվականներին, այսպես կոչված, կուլտուրական շինարարությունն Ուկրաինայում ընթանում էր արմատականացման կարգախոսով, որը ենթադրում էր Ուկրաինական ԽՍՀ բնակչության մեջ արհեստականորեն ուկրաինական ազգային գիտակցության ձևավորում։ Դրան նպաստում էր մինչ այդ մալոռուսական (և ընդհանրապես ռուսական) բնակչության շրջանում զանգվածայնորեն տարածված անգրագիտությունը: 19-րդ դարում ուկրաինական էթնոսի չլինելու վկայությունն է այն, որ ցարական ժամանակներում Մալոռուսիայից ներկա Ռուսաստան տեղափոխվածների սերունդները (օրինակ՝ Կուբանի կազակները) առ այսօր իրենց էթնիկապես ուկրաինացի չեն համարում։

Ուկրաինացի անջատողականներին կանդրադառնանք ստորև։ Բայց մինչ այդ մի երկու խոսք այն մասին, թե ինչու էին բոլշևիկյան իշխանությունները վարում ազգային գիտակցության ձևավորման քաղաքականություն։ Դա դյուրին բացատրություն ունի․

1) Բոլշևիկներն առաջնորդվում էին այն պատկերացմամբ, որ որքան շատ ժողովուրդներ մասնակցեն սոցիալիստական հայրենիքի շինարարությանը, այնքան լավ։
2) Բոլշևիկյան իշխանության գոյության ինքնաարդարացումներից էր այն դրույթը, թե ցարական Ռուսաստանը ժողովուրդների համար բանտ էր, և միայն խորհրդային իշխանությունը նրանց տվեց ազգային-մշակութային մեծ վերելքի հնարավորություն։ Բնականաբար, դրա ամենավառ և ընդգծված օրինակը ուկրաինացիներն էին՝ որպես ԽՍՀՄ-ում ռուսներից հետո ամենախոշոր էթնիկ խումբ:
3) Եվս մեկ բոլշևիկյան դրույթի համաձայն՝ սոցիալիստական ազգերը սոցիալական առումով պարտադիր պետք է ունենային բանվոր դասակարգ։ Իսկ ուկրաինական սոցիալիստական ազգի համապատասխան մոդելի ամենաարագ ստեղծման միջոցը Դոնբասի, Դնեպրոպետրովսկի և Խարկովի արդյունաբերական գոտիների բնակչության արհեստական ուկրաինացումն էր։ Ուշագրավ է, որ 1917 թ․ ստեղծված Ուկրաինան թվարկված հողերը չէր ներառում, ինչպես և Օդեսան ու Խարկովը։ Այդ տարածքները Խորհրդային Ռուսաստանից անջատվեցին և նորաստեղծ Ուկրաինայի կազմում ներառվեցին աստիճանաբար՝ 1919-1925 թթ․ ընթացքում, իհարկե, առանց տեղի բնակչության կարծիքը հարցնելու։ Հետաքրքիր զուգահեռ Արցախի և Ուտիքի 1921 թվականի ճակատագրի հետ։
4) Վերջապես, բովանդակությամբ սոցիալիստական և ձևով ազգային Ուկրաինայի կազմավորումը, բոլշևիկյան իշխանության պատկերացմամբ, մեկընդմիշտ պետք է կտրեր ուկրաինական ազգայնական շարժումն իր արևմտյան արմատներից։

Եվ այստեղ հասնում ենք մեր թեմայի գլխավոր գաղտնիքի բացահայտմանը, նրան, որ իրապես ուկրաինական ազգային շարժումն ու անջատողականությունն ունեն արտաքին ծագում։ Առանց դա հասկանալու անհնար է ըմբռնել այսօրվա հակամարտության էությունը։

Հետաքրքիրն այն է, որ ուկրաինական ազգայնականության հիմքը դրել են լեհերը։ Բանն այն է, որ 1793-1795 թթ. Լեհական կայսրության (Ռեչ Պոսպոլիտայի) բաժանման հետևանքով ներկայիս արևմտաուկրաինական տարածքները հայտնվեցին Ռուսական կայսրության կազմում, սակայն իրական տեր ու տնօրենն այդ տարածքներում մնացին լեհական ծագմամբ տեղացի կալվածատերերը, որոնք չէին կորցնում հույսը՝ ձերբազատվելու ռուսական իշխանությունից։ Լեհերը մալոռուսների անջատումը Ռուսաստանից դիտում էին որպես իրենց նպատակներին հասնելու միջոց։ Հենց նրանք էլ (ի դեմս լեհ ազնվական գրողներ և վայ-գիտնականներ Յան Պոտոցկիի ու Տադեուշ Չացկիի) 18-19-րդ դարերի սահմանին առաջ քաշեցին օդից վերցրած մի անհեթեթ դրույթ, թե Մալոռուսիայի բնակիչները ռուսներ չեն, այլ առանձին ժողովուրդ։ 1863-1864 թթ․ լեհ ազնվականությունը փորձել է ապստամբելով Ռուսաստանից անջատել լեհական հողերը (այսպես կոչված Ցարստվո Պոլսկոյե- Царство Польское) և Մալոռուսիայի արևմտյան մասը, սակայն ապստամբությունը ճնշվել է։

Արևելյան Մալոռուսիայում աստիճանաբար լեհական անջատողական շարժմանն են հարել հին կազակական տոհմերից նրանք, ովքեր այս կամ այն պատճառով դժգոհ էին ցարական վարչակարգից։ Նրանց անջատողական նկրտումների համար պատմական հենարան է ծառայել 16-17-րդ դարերում կազակական թվացյալ ազատության հերոսացումը, որի սկիզբը ռուս գրականության մեջ դրել են դեկաբրիստ (այսինքն՝ հակացարական) Ռիլեևը և նույնքան հակացարական Շևչենկոն։ Նման պատկերացումների կրողներ էին հին կազակական տոհմիկ գործիչները (Գուլակ, Բելոզերսկի, Կուլիշ, Անդրուզսկի և այլք), որոնք ունեցել են լիբերալ, արևմտամետ ու հակառուսական-հակակայսերական տրամադրություններ և 1846 թ. ստեղծել են Կիրիլ-Մեֆոդիևյան ընկերությունը (Кирилло-Мефодиевское общество)` առաջին ուկրաինական ազգայնական կազմակերպությունը Ռուսական կայսրությունում, որի նպատակն էր ի շահ Արևմուտքի պայքարել ռուսական ցարական իշխանության դեմ, կազմալուծել կայսրությունը և այն փոխարինել «ազատ» «դեմոկրատական» հանրապետությունների դաշնությամբ։ Այդ կազմակերպության գաղափարախոսության պատմական հիմնավորումը պիտի տային նույն՝ 1846 թ․ Կուլիշի գրած ստեղծագործությունը՝ «Повесть об украинском народе» («Պատմություն ուկրաինացի ժողովրդի մասին»), և Շևչենկոյի պոեզիան, որում գովերգվում էր անցյալի կազակական պետականամերժ ազատությունը։ Բնականաբար, այս ամենի հետևում, ինչպես ժամանակին դեկաբրիստների թիկունքում, կանգնած էր Մեծ Բրիտանիան, որը հետապնդում էր վտանգավոր հակառակորդի վերացման նպատակ։

1863 թ. լեհական ապստամբության ճնշումից հետո ուկրաինական սեպարատիզմի կենտրոնը դառնում են ավստրիական տիրապետության տակ գտնվող Լվովն ու Գալիցիան։ Բայց, ինչպես դժվար չէ կռահել, այդ սեպարատիզմն ուներ ոչ թե հակաավստրիական, այլ հակառուսական ուղղվածություն։

Ուշագրավ է, որ Լվովում ուկրաինական ազգային շարժման հիմնադիրները նույնպես լեհ ազնվականության ներկայացուցիչներն էին, որոնցից է, օրինակ, 1863 թ․ լեհական ապստամբությունից հետո Մալոռուսիայից Գալիցիա գաղթած Պաուլին Սվենցիցկին, որը դեռ Ռուսաստանում աչքի էր ընկել գյուղացիության լուսավորման անվան տակ Շևչենկոյի ստեղծագործությունները ժողովրդականացնելով։ Լեհ կալվածատերերի միջավայրից դուրս եկած հասարակական գործիչների, գրողների ու հրապարակախոսների երազանքն էր երբևէ ոտքի հանել մալոռուսական բնակչությանն ընդդեմ Ռուսական կայսրության և վերստեղծել Ռեչ Պոսպոլիտան։ Այդպիսի գործիչները ստացան ավստրիական իշխանությունների աջակցությունը, որոնք մտավախությամբ էին վերաբերվում Ռուսաստանի հարևանությամբ իրենց իշխանության տակ գտնվող Գալիցիայում ռուս բնակչության գոյությանը և 19-րդ դարի երկրորդ կեսից պլաններ էին մշակում քաղաքական ու գաղափարախոսական ճնշմամբ սերմանելու ռուս հպատակների մեջ ոչ ռուսական գիտակցություն։ Այդ նպատակով 1868 թ. Լվովում հիմնվում է ազգային-լուսավորչական «Պրոսվիտա» ընկերությունը, որի կողքին 1873 թ․ հանդես է գալիս կազմակերպական ավելի ամուր հիմքեր ունեցող Շևչենկոյի անվան գիտական ընկերությունը։ Ընկերության խնդիրներից էին արհեստական ճանապարհով մալոռուսական բարբառների հիման վրա ուկրաինական գրական լեզվի ստեղծումը՝ համեմված հնարավորինս շատ լեհական բառերով, մալոռուսական-ուկրաինական ազգային գիտակցության ձևավորմանն ուղղված գրական, ազգագրական ու պատմագիտական ստեղծագործությունների հրապարակումն ու տարածումը, հակառուսական քաղաքական հրապարակախոսության զարգացումը, գիտական կամ կեղծ գիտական պարբերականների թողարկումը։ Ընկերությունը բուռն գործունեություն ծավալեց հատկապես 1897-1916 թթ․ կազակական ծագում ունեցող պատմաբան, Ուկրաինայի պատմահայր Միխայիլ Գրուշևսկու ղեկավարությամբ, որի օրոք այն ձեռք բերեց գիտությունների ակադեմիայի կարգավիճակ։ Բնականաբար, ընկերության գլխավոր ֆինանսավորողն ավստրիական կառավարությունն էր։

«Պրոսվիտա»-ի, ապա Շևչենկոյի անվան ընկերության կյանքում լեհերն ունեցան կարևոր ուղղորդող դեր՝ հանձինս վերը հիշատակված Պաուլին Սվենցիցկու, մեկ այլ լեհ կալվածատեր ընտանիքից սերված Վյաչեսլավ Լիպինսկու և այլն։ Նրանք առաջնորդվում էին այն պատկերացմամբ, որ մալոռուսներն ու վելիկոռուսները ոչ միայն տարբեր ժողովուրդներ են, այլև հակոտնյա։ Մասնավորապես, պրոպագանդվում էր մեկ այլ լեհ ազնվականի՝ Ֆրանցիշեկ Դուխինսկու առաջ քաշած անհեթեթությունը, թե վելիկոռուսներն անգամ ռուս էլ չեն, այլ ունեն թուրանական ծագում։
Նույն Գալիցիայում 1885 թ․ ստեղծվեց առաջին քաղաքական կազմակերպությունը՝ «Նարոդնայա ռադա»-ն, որը բացահայտ հայտարարում էր ռուսներից առանձին մի ժողովրդի գոյության մասին, որը պետք է կոչվեր ոչ թե մալոռուս, այլ ուկրաինացի։ Ղեկավարն էր «Պրոսվիտա»-ի հիմնադիր անդամներից մեկը՝ գրող և լրագրող Յուլիան Ռոմանչուկը, որը 1899 թ․ Գրուշևսկու հետ հիմնեց ուկրաինական ազգային-դեմոկրատական կուսակցությունը։ Ավստրիական խորհրդարանի գրեթե մշտական պատգամավոր Ռոմանչուկը 1890 թ․ հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ այն մասին, թե Ավստրո-Հունգարիայի ռուս (ռուսինական) բնակչությունն իրականում առանձին ուկրաինական ժողովրդի մասն է։ Այս կազմակերպությունների խնդիրն էր ավստրիական իշխանությունների հովանու ներքո ճնշել Գալիցիայում ռուսամետ տրամադրությունները, որոնք 19-րդ դարակեսին տակավին տիրապետող էին այնտեղ։

Բնականաբար, Գալիցիայում ուկրաինական ազգայնական շարժման գլխավոր թիրախը Ռուսական կայսրության կազմում ներառված Մալոռուսիան էր։ Այստեղ այդ պրոպագանդան իր պտուղները սկսեց տալ 20-րդ դարասկզբին, երբ Գրուշևսկու ու Ռոմանչուկի գաղափարակից Նիկոլայ Միխնովսկու (հին լեհական ազնվական ընտանիքից) գլխավորությամբ հիմնվեց նախ Ուկրաինական հեղափոխական կուսակցությունը (1900-1905 թթ․), ապա՝ Ուկրաինական ժողովրդական կուսակցությունը (1902-1907 թթ․)` առաջին քաղաքական հակառուսական կազմակերպություններն արդեն Ռուսական կայսրության տարածքում։ Ուշագրավ է Միխնովսկու հեղինակած «Ուկրաինական անկախության մանիֆեստը» (1900 թ․), որում խոսվում էր Կարպատներից մինչև Կովկասյան լեռներ ուկրաինական պետության ստեղծման անհրաժեշտության մասին։ Մանիֆեստի վերտառությունն էր «Ուկրաինան ուկրաինացիների համար»։ Եթե նայենք քարտեզին, կհասկանանք, որ դա նշանակում էր Ռուսաստանը կտրել Սև ծովից։ Ի տարբերություն Գալիցիայի՝ ցարական Մալոռուսիայում հակառուսական-հակակայսերական (թե՛ լիբերալ, թե՛ տեղական-ազգայնական, թե՛ սոցիալիստական-հեղափոխական) արտաքին կուրատոր էր հանդես գալիս Մեծ Բրիտանիան՝ լեհական կալվածատերերի ակտիվ ներգրավմամբ։

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին՝ 1918 թ․, ուկրաինական ազգայնական ուժերի ղեկավարումը ստանձնեց Կայզերական Գերմանիան մինչև սեփական կապիտուլյացիան։ Պատերազմից հետո ուկրաինական ու լեհական ազգայնականների ճանապարհները բաժանվեցին, քանզի արևմտաուկրաինական հողերը՝ Լվովով հանդերձ, հայտնվեցին նորաստեղծ լեհական պետության կազմում, որն այնտեղ խեղդում էր ուկրաինական ազգայնական շարժման ցանկացած դրսևորում։
ԽՍՀՄ-ում, ընդհակառակը, ուկրաինական ազգայնական ուժերը գնացին փոխզիջման խորհրդային իշխանության հետ հետևյալ կարգախոսով՝ «թեկուզ խորհրդային, միայն թե ուկրաինական»։ Այդ փոխզիջման արտահայտություն էր Գրուշևսկու վերադարձը Խորհրդային Ուկրաինա, որտեղ նա դարձավ Կիևի ԳԱԱ պատմաբանասիրական բաժնի ղեկավար։

Վերոշարադրյալը ցույց է տալիս, որ ուկրաինական «ազգային ինքնագիտակցության» ձևավորումը եղել է արհեստական, ղեկավարվել կամ հովանավորվել է արտաքին (լեհական, ավստրիական, անգլիական) ուժերի կողմից։ Եվ այս ամենի նպատակն էր կազմաքանդել Ռուսաստանը, պոկել նրա սեփական հողերից մի մեծ կտոր և ամենակարևորը՝ ուղղել այդ կտորը մնացած Ռուսաստանի դեմ՝ հրահրելով պատերազմ ու փոխադարձ ոչնչացում ռուսական աշխարհում: Ակնհայտ է, որ ուկրաինական գիտակցությունը կարող էր ունենալ միայն հիվանդ ազգայնականության բնույթ, իսկ իր ավարտուն տեսքը կարող էր ստանալ միայն որպես ուկրաինական ֆաշիզմ։ Պատահական չէ, որ ներկա ուկրաինական ազգայնականության ամենամեծ հերոսներն են Ստեփան Բանդերան ու Ռոման Շուխևիչը՝ բացահայտ նացիստներ, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ղեկավարել են ուկրաինական ազգայնական շարժումը և հիտլերյան Գերմանիայի աջակցությամբ ոչ այնքան պայքարել են խորհրդային պետության ու Կարմիր բանակի դեմ, որքան իրականացրել այլախոհ (կոմունիստ) ու այլացեղ (հրեա, լեհ) խաղաղ բնակչության կոտորածներ։ Ստեփան Բանդերան իր, այսպես կոչված, ուկրաինական նացիոնալիստների կազմակերպության ղեկավարումը ստանձնել է 1940 թ․՝ հաստատվելով հիտլերյան Գերմանիայի կողմից զատված Լեհաստանի տարածքում, որտեղ իրականացվել է ԽՍՀՄ-ի դեմ դիվերսիոն պայքարի համար գրոհայինների և ահաբեկիչների պատրաստում, և դա՝ դեռևս ԽՍՀՄ-ի վրա Գերմանիայի հարձակումից առաջ։ Թող չշփոթեցնի այն հանգամանքը, որ 1941-1944 թթ. Բանդերան գերմանական բանտում էր՝ ընդ որում ապրելով հյուրանոցային հարմարավետ պայմաններում։ Բանդերայի ձերբակալումը միայն նպատակ ուներ անմիջական վերահսկողության տակ պահելու նրա ղեկավարած կազմակերպության ու դրա գրոհայինների գործողությունները և դրանք առավելագույնը ծառայեցնելու Գերմանիային։ Ի դեպ, ավելորդ չի լինի նշել, որ այդ ազգայնականներն անմիջականորեն հովանավորվում էին Երրորդ ռեյխի զինվորական հետախուզության ու հակահետախուզության ծառայության («Աբվեր») կողմից, որի ղեկավար Կանարիսը, ըստ որոշ պատմական տեղեկությունների, կապված էր բրիտանական հետախուզության հետ։ Այս հանգամանքն ինչ-որ չափով կարող է բացատրել նացիստական Գերմանիայի նկատմամբ բանդերականների ոչ հետևողական կեցվածքը։ Բանդերականները 1942 թ. վերջից սկսեցին կազմավորել, այսպես կոչված, «ուկրաինական ապստամբական բանակը»։ Ու թեև այն օգտագործվում էր հիտլերականների կողմից Կարմիր բանակի թիկունքում դիվերսիաներ կազմակերպելու, խորհրդային պարտիզանների դեմ պայքարելու և օկուպացված տարածքներում ոստիկանական ծառայության համար, սակայն առավել աչքի ընկավ լեհերի, ռուսների և հրեաների էթնիկ զտումների ու կոտորածների կազմակերպմամբ։ Առավել հայտնի է վոլինյան կոտորածը 1943-1944 թթ., երբ Վոլինի մարզում (Արևմտյան Ուկրաինա) կոտորվեց, ըստ տարբեր հաշվարկների, 50-60 հազար լեհ։

1945 թվականից սկսած՝ ուկրաինական ազգայնականության ու ֆաշիզմի նկատմամբ շեֆությունն իրենց վրա են վերցրել անգլո-սաքսոնական երկրները՝ ոչ միայն ԱՄՆ-ն ու Անգլիան, այլև Կանադան, որտեղ 20-րդ դարում կազմավորվել է բավական ագրեսիվ և ռուսատյաց ուկրաինական գաղութ, որը կայուն ազդեցություն է ձեռք բերել այդ երկրի քաղաքական ու հասարակական կյանքում։ Անգլոսաքսերի ուկրաինական քաղաքականության միտումն է կտրել Ուկրաինան Ռուսաստանից, կատարել դեռուսիֆիկացիա, վերածել այն մի խոշոր (30-40-միլիոնանոց) հակառուսաստանի և ամեն ինչ անել՝ միմյանց դեմ դուրս բերելու ռուսական աշխարհի երկու խոշոր հատվածները ու դրանով արյունաքամ անելու Ռուսաստանը։ Բավական է ծանոթանալ Բժեզինսկու մտքերին, որպեսզի հասկանալի դառնան Ռուսաստանի և Ուկրաինայի հարցում Արևմուտքի ծրագրերը (տե՛ս http://ilinalexey.ru/2019/07/07/bzhezinskij-ob-ukraine/)։ Ուստի պատահական չէ, որ ԽՍՀՄ փլուզումից (1991 թ.) հետո արևմտյան հովանավորության տակ հայտնված Ուկրաինայի քաղաքական զարգացման ուղղություններն էին աստիճանական հեռացումը Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններից, նեոնացիստական ուժերի ամրապնդումն ու նրանց ազդեցության աճը, Բանդերայի ու բանդերականների հերոսացումը պետական մակարդակով, Ռուսաստանի, ռուս ժողովրդի և ամեն ռուսականի նկատմամբ թշնամության սերմանումը, ռուս ուղղափառ եկեղեցու դեմ հալածանքները։ հասարակության մեջ, նացիստական գաղափարախոսությամբ զինված մարտական գրոհային խմբերի ստեղծումը՝ ի դեմս «Ազով», «Պերվիյ սեկտոր» խմբավորումների: Այս ամենը տրամաբանորեն պետք է հանգեցներ 2014 թ. արյունոտ պետական հեղաշրջմանը՝ Արևմուտքի ակտիվ աջակցությամբ, ինչի հետևանքը Ուկրաինայի վերածումն էր բացահայտ նացիստական երկրի, որի գոյության իմաստը պիտի դառնար Ռուսաստանի դեմ պատերազմը։

__________________________________
Թեմատիկ հղումներ

1. https://iz.ru/1424966/2022-11-14/amerikanskii-razvedchik-obvinil-ssha-v-podderzhke-natcionalistov-na-ukraine.
2. https://katehon.com/ru/news/kak-ssha-podderzhivayut-ukrainskih-neonacistov-azova.
3. https://rossaprimavera.ru/news/0dd01401.
4. https://www.fondsk.ru/news/2022/04/03/75-letnjaja-istoria-tajnogo-sojuza-mezhdu-anglosaksami-i-ukrainskimi-nacistami-55907.html.
5. https://skeptimist.livejournal.com/4471223.html.
6. https://skeptimist.livejournal.com/4471223.html.
7. https://rg.ru/2022/04/06/pochemu-nacizm-vozrodilsia-na-ukraine-a-ne-v-germanii.html.
8. https://news-front.info/2021/10/01/ukrainskih-neonatsistov-finansiruyut-i-vospityvayut-ssha/.
9. https://yandex.ru/video/preview/5189323328776436815.
10. https://yandex.ru/video/preview/18092201389216291507.

 

Գայանե Մանուկյան

Պատմաբան