կարևոր
4045 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-30 12:07
Հասարակություն

«Գաղափարի ուժն է, որ պայքարը պիտի հասցնի հաղթական ավարտի». Արցախի հերոսն այսօր կդառնար 59 տարեկան

«Գաղափարի ուժն է, որ պայքարը պիտի հասցնի հաղթական ավարտի». Արցախի հերոսն այսօր կդառնար 59 տարեկան

Այսօր Արցախի հերոս, ՀՅԴ Շուշիի առանձին հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ Պետրոս Ղևոնդյանի՝ լեգենդար Պետոյի ծննդյան օրն է:

Ազատամարտիկը ծնվել է 1964 թ. հունվարի 30-ին, Պռոշյան գյուղում: 1990 թ. անդամակցել է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը: 1990-1994 թթ. մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների ու ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջանների տասնյակ բնակավայրերի ազատագրման մարտերին, Քարվաճառի թշնամական հենակետերի ոչնչացման գործողություններին:

Զոհվել է 1994 թ. փետրվարի 14-ին՝ Քարվաճառում՝ վիրավոր զինակցին օգնություն ցուցաբերելիս:

Աճյունն ամփոփված է հայրենի գյուղի Ազատամարտի («Զորաց») պանթեոնում:

ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ազատամարտիկ-շրջանավարտի անունով են անվանակոչվել Պռոշյանի և Եղեգնուտի (Արցախի Շահումյանի (Քարվաճառի) շրջան) միջնակարգ դպրոցները։

2007 թվականին նրա հարազատ ֆակուլտետում բացվեց Պետրոս Ղևոնդյան անունը կրող լսարան։ 2010 թ. ապրիլի 10-ին Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի միջնակարգ դպրոցն անվանակոչվել է Պետրոս Ղևոնդյանի անվամբ:

Պետրոս Ղևոնդյանը հետմահու (2000 թ.) արժանացել է Արցախի հերոսի կոչման:

2020 թ. Փաշինյանի իշխանության ստորագրած ստորացուցիչ հայտարարությամբ առանց կրակոցի թշնամուն հանձնվեց Քարվաճառի շրջանը, և Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանի դաշնակցական ընկերները հերոսի նահատակության վայրում գտնվող հուշաքարը տեղափոխեցին Հայաստանի Հանրապետություն՝ ապագայում այն վերստին իր տեղում տեղադրելու մեծ հավատով։

Նույն իշխանությունների դավադիր գործողությունների արդյունքում թշնամին այսօր ժամանակավորապես տիրում է նաև Արցախի երկու գյուղերի՝ Եղեգնուտի (Քարվաճառի շրջան) և Տիգրանաշենի (Քաշաթաղի շրջան)՝ լեգենդար Պետոյի անունը կրող դպրոցներին։