կարևոր
2932 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-15 17:25
Քաղաքական

ԱՀ ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը գրություններ է ուղարկել մի շարք միջազգային կազմակերպություններ և ՀՀ-ում օտարերկրյա դեսպանատներ

ԱՀ ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը գրություններ է ուղարկել մի շարք միջազգային կազմակերպություններ և ՀՀ-ում օտարերկրյա դեսպանատներ

Դեկտեմբերի 14-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը գրություններ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ԵԱՀԿ  գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուին,  ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան` Անդրեա Վիկտորինին, ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Քրիստինե Վայգանդին, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիական Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Հունաստանի Հանրապետության, Ավստրալիական Միության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության դեսպաններին և մի շարք այլ միջազգային  կազմակերպությունների։ Այս մասին հայտնում է Արցախի արտաքին գործերի նախարարությունը։

Նամակներում ներկայացվել է Արցախում ստեղծված իրավիճակը Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը փակելու և Հայաստանից Արցախ բնական գազի մատակարարումն ընդհատելու պատճառով։

Փաստաթղթերում Ադրբեջանի քաղաքականությունն ու գործողությունները որակվել են որպես միջազգային իրավունքի, միջազգային մարդասիրական իրավունքի և Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում։

Կոչ է արվել կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու, սանձարձակ գործողությունները կասեցնելու և Արցախը ապաշրջափակելու համար։

Ընդգծվել է Ադրբեջանի պահվածքին անհրաժեշտ գնահատական տալու անհրաժեշտությունը։