կարևոր
3757 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-17 17:34
Քաղաքական

Այս իշխանություններից հեռու չեն թատերականացված գործողությունները, բայց վերջում միշտ պարզվում է, որ սխալ են. Սեյրան Օհանյան

Փորձը փորձանք չէ, թող փորձեն, ես որևէ մտավախություն չունեմ: Ես երբևէ չեմ թաքնվել անձեռնմխելիության հետևում, իմ ամբողջ կյանքում եղել եմ հրամանատար, որն առջևից է գնացել իր զորքի: «Փաստինֆո»-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսպես է արձագանքել մամուլում շրջանառվող տեղեկություններին, որ առաջիկայում ԱԺ-ում իրեն անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց է սկսվելու:

Սեյրան Օհանյանը նշեց, որ տեղյակ չէ՝ ինչ գործի շրջանակներում է հնարավոր իրեն ձերբակալեն.

«Այն կառույցներին հարցը պետք է տալ, ովքեր ուզում են դա իրականացնել: Ես չեմ պատկերացնում,թե ինչ գործի շրջանակներում դա կարող է լինել, եթե այդպիսի գործ կա, որի շրջանակներում ինձ կարող են ձերբակալել, քննիչները պետք է տեղեկացնեին: Այս իշխանություններից հեռու չէ թատերականացված և բեմադրական այդպիսի գործողությունները, բայց վերջում միշտ պարզվում է, որ իրենք սխալ են »,-ասաց Օհանյանը:

Մեզ հետ զրույցում ՊՆ նախկին նախարարը անդրադարձել է նաև Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին և սահմանային լարվածությանը:

Սեյրան Օհանյանի համոզմամբ՝ ադրբեջանական վերջին սադրանքները Հայաստանի և Արցախի ուղղությամբ ևս մեկ անգամ վկայում են այն մասին, որ այս պայմաններում չենք կարող լիակատար խաղաղության մասին խոսել, քանի որ անգամ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո Ադրբեջանը չի հանգստանալու և նոր պահանջներ է ներկայացնելու:

Օհանյանը նաև շեշտեց, որ նախ պետք է հասնել նրան, որ սահմանին կրակոցներ չլինեն, խաղաղ բնակչությունը չթիրախավորվի, նոր միայն խոսել խաղաղության պայմանագիր կնքելու մասին:

Նիկոլ Փաշինյանը որպես իրավիճակի լուծում առաջարկում էր ապառազմականացված գոտու ստեղծել: Ավելին, ըստ նրա՝ եթե Արցախի շուրջ ստեղծվի ապառազմականացված գոտի՝ միջազգային երաշխիքներով, ապա Պաշտպանության բանակ ունենալու կարիք Ղարաբաղը կարող է և չունենալ:

Հարցին՝ արդյո՞ք ապառազմականացված գոտու ստեղծումը կարող է որպես խնդրի լուծում դիտարկվել, կամ այն պայմաններում, երբ Ադրբեջանը գրեթե ամեն օր զինում է իր բանակը, Փաշինյանն ինչպե՞ս է պատկերացնում Արցախում բանակի լուծարումը, Սեյրան Օհանյանն ասաց.

«Երբ ճանաչում ես հակառակորդիդ և տեսնում ես նրա գործողությունները, ապա առաջնահերթ պետք է մարտական պատրաստությունդ բարձրացնես: Որքան էլ խոսեն ապառազմականացման մասին, այնուամենայնիվ, մեր պետության անվտանգության հիմնական երաշխավորը հայկական բանակն է, առավելևս՝ Արցախի ժողովրդի համար, ովքեր գտնվում են շրջապատման մեջ: Ինչու՞ Արցախում ՊԲ չպետք է լինի, այն ստեղծվել է՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական գործողությունների, դրա լուծարումը հնարավոր չէ: Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար ՊԲ-ն պետք է լինի »,-ասաց Օհանյանը:

Նիկոլ Փաշինյանը մինչ այս վստահություն էր հայտնում, որ մինչև տարվա վերջ խաղաղության պայմանագրի կկնքվի, ավելին՝ նշում էր, որ մինչ դա ավարտված կլինի նաև դելիմիտացիայի գործընթացը: Սակայն երեկ ԱԺ-ում հակասեց ինքն իրեն և նշեց, որ իրատեսական չի համարում մինչև «խաղաղության պայմանագրի» կնքումը դելիմիտացիայի գործընթացն ավարտելը:

Մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հակասական հայտարարությունները՝ «Հայաստան» խմբակցության ղեկավարը նշում է՝ պատերազմից երկու տարի անց՝ Նիկոլ Փաշինյանը նոր սկսել է գնահատել իրավիճակը: Օհանյանի խոսքով՝այն, որ պետության ղեկավարին անհրաժեշտ է երկու տարի, որպեսզի գնահատի իրավիճակը և նոր այդպիսի եզրակացության գա, սա խոսում է այն մասին, որ օրվա իշխանությունները պետական կառավարման ոլորտում որևէ փորձառություն չունեն.

«Դելիմիտացիա լինում է այն ժամանակ, երբ երկրները թշնամու պետություններից վերածվում են հարևան պետությունների, իսկ մենք Ադրբեջանի հետ հարևան պետություն չենք, Ադրբեջանը պատրաստ չէ մեզ հետ խաղաղ համակեցությամբ ապրել: Հայաստանի իշխանությունները մտնում են խաբկանքի մեջ, բայց Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության, պատերազմը շարունակվում է , իսկ Ադրբեջանը շարունակում է ճնշել:

Այնպես չէ, որ մենք չենք ուզում գնալ խաղաղության, ես զինվորական եմ, ո՞վ ավելի շատ կուզի խաղաղության գնալ, եթե ոչ այն կառույցը, որն առաջինն է տուժելու պատերազմից, իսկ բանակն առաջինն է տուժելու պատերազմից և դրա դաժանությունների մեջ առաջինն ինքն է մտնելու, կորուստներ կրելու, բայց պետք չէ կուրորեն գնալ խաղաղության, այն չպետք է լինի պարտադրանքի միջոցով, այլ պետք է լինի արժանապատիվ »,-նշեց Սեյրան Օհանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում