կարևոր
4651 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-04 18:55
Քաղաքական

Այն, ինչ մենք տեսնում կամ լսում ենք, այդ բոլորն անհանգստացնող ասելը քիչ է. Բագրատ Սրբազանը միասնության կոչ է անում

Սա միասնության, համախմբման համահավաք է եւ արձագանքն է Արցախում մեր քույրերի, եղբարյների այս վերջին օրերին աննախադեպ մեծ հավաքին, որով իրենք վերահաստատում են իրենց ազատ, անկախ ապրելու իրվունքը: Այս մասին ասաց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով նրան, որ ինքը Գարեգին Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ, մասնակցելու է նոյեմբերի 5-ի հանրահավաքին:

«Այդ իմաստով, մենք ուրիշ տեղ չենք կարող լինել, անկախ գույնից, տեսակից, եղանակից, կերպից, կողմնորոշումներից: Մենք այսօր ասելիք ունենք եւ դա նաեւ հարցադրման տեսքով եմ ասում՝ ասելիք ունե՞նք, թե չունենք, հայրենիք ունենք, թե՞ չունենք,  արժանապատվություն, պատիվ ունենք, թե՞ չունենք: Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ մարդու համար այդպես պետք է հնչի: Ես մեծ ակնկալիք ունեմ, որ վաղը բազմահազար հայաստանաբնակ ժողովուրդը մեր, ինչպես 1988-1989-ին էր, եւ ինչպես այս ողջ ընթացքում, հատկապես Արցախի ազատագրումով վերստին իր ձայնը պետք է բարձրացնի, իր հաստատակամությունը պետք է հայտնի եւ որպես մեկ միասնական միավոր իր հաղթանակները կռելու ճանապարհները նորից ստեղծի: Մենք պարզապես գտնվում ենք պատմական խաչմերուկում եւ որեւէ կերպ իրավունք չունենք լռելու:

Ուզում եմ նաեւ հավելել, որ որքան էլ փորձեն տարաբնույթ կերպով քաղաքական եւ կուսակցական երանգ հաղորդել, այդ մարդիկ պարզապես շահեր են սպասարկում: Փորձեր են արվում տանելու վաղվա հավաքը նեղ կուսակցական, քաղաքական ուղղությամբ, ինչպես հարիր է իրենց բնույթին, այդ մարդիկ այլ շահեր են սպասարկում: Ես նույնիսկ իրենց եմ կոչ անում գալու եւ մասնակցելու, չփորձել ինչ-որ կերպ գունավորում տալ, իրենց ցածր պատկերացումներին հարիր ցեխարձակումներ ունենալ թե Եկեղեցու վրա, թե ընդհանրապես: Իրենք մեկ բան ունեն անելու՝ լուռ կամ ոչ լուռ ներկա գտնվելու, ցույց տալու, որ իրենք հայրենիք ունեն: Դեռ ոչինչ չեղած, արդեն խոսում են մարդիկ, հայհոյանքներ, ծաղրանքներ»,-ասաց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ հավելելով, որ սա կարող է վճռական պահերից մեկը լինել, եւ պետք չէ այնպես անել, որ հետո զղջանք մեր չարածի համար:

«Ես ուզում եմ տեսնել, որ մենք նոր ճանապարհ ենք ստեղծելու մեր իրավունքների պաշտպանության, Արցախի մեր սիրելի հայրենակիցների իրավունքների պաշտպանության համար: Երբ խոսում են 120 հազար արցախահայության մասին, այդպես չէ, սա 10 մլն հայության խնդիրն է: Բացարձակ կարիք չկա տարանջատելու. Այն ցավը, որ իրենք ապրում են, դա նույն մեր ցավն է, այն հաղթանակը, որ իրենք ստեղծում են, բոլորիս հաղթանակն է: Հետեւաբար նորից կոչ եմ անում, որ մեր ժողովուրդն իր բոլոր շերտերով վաղը միասնական ներկայություն ունենա եւ նաեւ աշխարհին ցույց տան, որ մենք հանձնվող տեսակը չենք»,-ասաց նա:

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հիշեցրեց, որ այս օրերին Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովն է եղել, որտեղ ներկա են եղել բոլոր թեմերի առաջնորդները. «Մտահոգությունը անհատական չէ, ընդհանրական է: Եթե մենք մեր ինքնության նկատմամբ հավատարմություն ունենք, ուրեմն չենք կարող կողքից անցնել, անտարբեր մնալ: Այո, մեր թեմերի առաջնորդներն իրենց հոգեւորականներով ամեն օր ապրում են այդ մտահոգությամբ: Սփյուռքի մեր բոլոր եկեղեցիները, թեմերը ապրում են նույն ցավերով ու տեսլիքներով, ինչ որ մենք»:

Նրա խոսքով, հնչում են տարբեր հայտարարություններ, այդ թվում իշխանության կողմից ներդրվող գաղափարներ, անհասկանալի բովանդակություններ, կամ հրապարակային հայտարարություններ, թե Արցախը միշտ Ադրբեջանի կազմում է եղել, մենք ռեսուրս չունենք պաշտպանելու Արցախը եւ այլն, այս բոլորը հուշում է, որ կանգնած ենք ծայրագույն վտանգի առջեւ՝ Արցախի կորստի, մեր պետականության կատարյալ թուլացման վտանգի առջեւ, դառնալու անհասկանալի տարածք կամ պետություն կամ միջավայր, որը նպատակներ չունի ապրելու:

«Եվ սա իր հերթին պատճառ պետք է դառնա, որ մեր ժողովուրդը թողնի երկիրը, բռնի արտագաղթի ճամփան: Հետեւաբար, թե ինչ աստիճանի օրհասականության մեջ ենք, ես չեմ կարող ասել, բայց այն, ինչ մենք տեսնում կամ լսում ենք, այդ բոլորն անհանգստացնող ասելը քիչ է»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք հանրահավաքին ելույթ է ունենալու եւ ինչ կչով է դիմելու, Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն արձագանքեց. «Թող մնա, հանրհավաքին կլսեք: Ելույթ կունենամ, Վեհափառ հայրապետի օրհնությունն ու ողջույնը կփոխանցենք, նաեւ որոշակի մտքեր, ինչ որ խոսում ենք, ապրում ենք»: