կարևոր
3976 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-02 17:48
Քաղաքական

Վտանգ կա, որ ռուս խաղաղապահները կփոխարինվեն արևմտյանով, ինչն էլ մերժելի է, քանի որ հավասարազոր է թուրք կամ ադրբեջանցի Արցախ բերելուն. Մետաքսե Հակոբյան

Վտանգ կա, որ ռուս խաղաղապահները կփոխարինվեն արևմտյանով, ինչն էլ մերժելի է, քանի որ հավասարազոր է թուրք կամ ադրբեջանցի Արցախ բերելուն. Մետաքսե Հակոբյան

Սոչիի եռակողմ հանդիպման նախօրեին սպասելիք ունեինք, որ կհստակեցվեր, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրն Արցախի հետ որևէ առնչություն չունենալու փաստը։ Ցավոք, այդ սպասումը չարդարացավ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը։

Նրա դիտարկմամբ՝ այս իրավիճակում, եթե կա՛մ պիտի արագ ընթանա այդ պրոցեսը և Արցախը բռնակցվի Ադրբեջանին, կամ էլ թողնվի ապագային՝ մինչև նորմալ բանակցող կունենանք, ապա միանշանակ, երկրորդ տարբերակն է միակ ընդունելին։ Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտարարել էր ՀՀ-ն կողմ է Արցախի կարգավիճակի հարցն ապագային թողնելու՝ ՌԴ առաջարկին։

«Անկեղծ ասած, մենք հենց դա էինք ակնկալում։ Երբ ասում էինք, որ այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակը մեզ համար ընդունելի է, հաշվի էինք առնում այն, որ կարգավիճակի հստակեցումը՝ մինչև նորմալ բանակցող ունենալը, կարևոր է։ Փաստում ենք, որ Արցախի հարցը փակված չէ, հետագայում հայամետ որոշումների հնարավորություն ունենք։ Ուղղակի, խորհուրդ կտամ Փաշինյանին՝ չսեփականաշնորհել այդ ձեռքբերումը. այդ ձեռքբերումն իրենցը չէ»,-ասաց պատգամավորը։

Արցախում խաղաղապահների մանդատի երկարաձգման՝ հայկական կողմի ներկայացրած առաջարկի մերժումն Արցախի ԱԺ պատգամավորն ահնագստացնող է համարում։

«Մենք այդ հարցով նաև Արցախի նախագահին ենք դիմել, ասել ենք՝ ո՞ւր են երաշխիքները, որ ռուս խաղաղապահները 2025 թ.-ին դուրս չեն գալու Արցախից։ Դրանց միշտ պաթոսախառը, պոպուլիստական պատասխաններ են տվել, ասել են՝ հանգիստ եղեք, խաղաղապահները մնալու են այնքան, ինչքան պետք է։ Ու մեզ համար անսպասելի չէր այն, ինչ լսեցինք այսօր Փաշինյանից. նոյեմբերի 9-ի փաստաթղթում որևէ հստակեցում չկար այդ առումով։ Նույն օրը՝ նոյեմբերի 9-ին դա պետք է հստակեցվեր։ Կանխատեսելի էր, որ կանգնելու ենք այս փաստի առաջ։ Հուսով ենք՝ Արցախի իշխանություններն արդեն լիովին անհանգստացած ու լրջորեն կմոտենան այս հարցին ու կփորձեն նաև իրենց ուղիներով ռուս խաղաղապահների հետ թեկուզ աշխատել»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ դա Փաշինյանի վրա թողնելու դեպքում վտանգ կա, որ ռուս խաղաղապահները կփոխարինվեն արևմտյանով, ինչն էլ մերժելի է, քանի որ հավասարազոր է թուրք կամ ադրբեջանցի Արցախ բերելուն։