կարևոր
5767 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-25 16:55
Քաղաքական

Դուք ոչ միայն խաղաղություն չեք բերել, այլև երկիրը կանգնեցրել եք աշխարհաքաղաքական բախման խաչմերուկում, նոր պատերազմի, նոր զոհերի և նոր կապիտուլյացիայի առջև. Լիլիթ Գալստյան

Չորս-հինգ տարի առաջ անգամ ամենաանհավանական մղձավանջում դժվար էր պատկերացնել, որ մի օր  պաշտոնական Հայաստանը կհրաժարվի մեր  համազգային նպատակներից ՝ որդեգրելով   «չակերտավոր խաղաղության մի գործընթաց», որն ըստ էության հայրենազրկումի և ուրացման քաղաքականությունն է, իրական սպառնալիք հայ ժողովրդի գոյությանն ու պետականությանը. այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

«Դժվար էր պատկերացնել, որ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներն այդքան սինխրոն կլինեն թուրքադրբեջանական շահերին,  կփոշիացնեին Արցախի ինքնորոշման իրավունքը, անթարթ հայացքով, առանց մեղքի և քաղաքական պատասխանատվության գիտակցումի կհայտարարեն, թե Հայաստանն այնքան թույլ է և անկարող, որ չի կարող երաշխավորել արցախահայության անվտանգությունը։ Եվ սա ասվում է՝ լավ գիտակցելով, որ հայ մարդուն անպաշտպան ենք թողնում  ցեղասպան թուրքի առջև։ Դուք՝ ներկա իշխանություններ,  կարող եք հրաժարվել ազգային իղձերից, բայց ՀՀ սահմանադրությունից՝ ոչ։

Նախ՝ ՀՀ Սահմանադրության նախաբանը, որն ինքնին պարտադիր իրավական նորմատիվ բովանդակություն ունի, հղում  կատարելով Հայաստանի անկախության հռչակագրին՝ ամրագրում է «հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները»։ Ակնհայտորեն այս նպատակների մեջ նաև Արցախի ինքնորոշման իրավունքն է, որի առնչությամբ    1992 թ.  ՀՀ Գերագույն խորհուրդը հետևյալ որոշումն է ընդունել՝ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ  ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»», - նշեց Գալստյանը:

Ըստ նրա` Արցախի ինքնորոշումը համազգային նպատակ է եղել. «Այս նախընտրական խոստումով եք իշխանության եկել նաև  դուք։ Իսկ ի՞նչ ունենք այսօր։ Ավելի աղետալի ու դառը իրավիճակ դժվար է պատկերացնել: Ուզեք թե՝ ոչ, պատերազմն արդյունք էր բանակցայաին գործընթացը  զրոյական կետից սկսելու նրա սևեռուն համոզումի, ձեր տարփողած խաղաղության դարաշրջանի սնանկության, ռազմավարական դաշնակիցների հետ արկածախնդիր հարաբերությունների, ներազգային պառակտումի։ Բոլոր ոլորտներում համատարած դիլետանտիզմ է, ապազգային և պարտվողական քաղաքականություն։ Դուք ոչ միայն խաղաղություն չեք բերել, այլև երկիրը կանգնեցրել եք աշխարհաքաղաքական բախման խաչմերուկում, նոր պատերազմի, նոր զոհերի և նոր կապիտուլյացիայի առջև»:

Դաշնակցական գործիչը հիշեցրեց նաև Հելսինկյան Եզրափակիչ ակտի հայտնի սկզբունքները՝ հակամարտությունները  չեն կարող լուծված համարվել ագրեսիայի  կամ պատերազմական սպառնալիքով։

«Աներկբա է՝  Փաշինյանը ու նրա կաբինետը, որ իշխանության է եկել Արցախի ինքնորոշման իրավունքի և անջատում հանուն փրկության նախընտրական խոստումով,  հայ ժողովրդի անունից հերթական կապիտուլյացիան ստորագրելու ոչ բարոյական, ոչ էլ՝ քաղաքական լեգիտիմություն չունեն։ Առ ոչինչ է Հայաստանի Հանրապետության կողմից կնքած որևէ  պայմանագիր, որը  հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու Հայաստանի անկախության  հռչակագրին: Սահմանադրության 116-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել Ազգային ժողովի կողմից: Քաջություն ունեցեք առերեսվելու իրականությանը, տեսնելու սեփական ձախողումը։  Չեք կարողանում՝ հեռացեք», - եզրափակեց նա: