կարևոր
3775 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-07 21:40
Քաղաքական

Ադրբեջանը հակված չէ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը քննարկել Հայաստանի հետ. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանը հակված չէ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը քննարկել Հայաստանի հետ. ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպումից հետո ընդունվեց հայտարարություն: «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը պարզաբանեց հայտարարության հետ կապված մի քանի հարց:   

Հայտարարության մեջ խոսք է գնում նաև այն մասին, որ Հայաստանը համաձայնություն է տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելություն տեղակայելուն, իսկ Ադրբեջանը համաձայնվել է համագործակցել այնքանով, որքանով կառնչվի: Սրանից կարող ե՞նք եզրակացնել, որ Ադրբեջանը համաձայնություն չի տվել դիտորդների տեղակայմանը:

Հայկական կողմը մեկ անգամ չէ, որ նշել է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով միջազգային փաստահավաք և մշտադիտարկման մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտության մասին: ԵՄ քաղաքացիական առաքելությունը գործունեություն է իրականացնելու Հայաստանի՝ Ադրբեջանի հետ ունեցած սահմանի երկայնքով՝ ՀՀ ինքինշխան տարածքում: Հաշվի առնելով նշյալը, պետք է արձանագրենք, որ Ադրբեջանի համաձայնության կամ անհամաձայնության հարց առկա չէ: 

Կխնդրեի մանրամասնել, թե սահմանի որ հատվածներում են տեղակայվելու դիտորդները, ինչ հիմնական աշխատանք են նրանք կատարելու, որքանով նրանց ներկայությունը կթուլացնի լարվածությունը սահմանին:

ԵՄ քաղաքացիական առաքելության նպատակները, ինչպես արձանագրված է հայտարարության մեջ, վստահության ամրապնդումն է և իրենց դիտարկումներով սահմանային հանձնաժողովներին աջակցելը: Առաքելության գործառույթների և լիազորությունների շրջանակի, տեղակայման հստակ վայրերի և այլ բնույթի մանրամասների վերաբերյալ, թերևս, խոսելը վաղ է, քանի որ այս հարցերը դեռևս գտնվում են աշխատանքային քննարկումների տիրույթում:

Արդյոք հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանում պահվող  հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը, ի՞նչ զարգացումների կարելի է սպասել այս հարցում:

Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի հարցը մեր կողմից մշտապես բարձրաձայնվում է միջազգային գործընկերների հետ բոլոր հանդիպումների ընթացքում: Պրահայում տեղի ունեցած հանդիպումները նույնպես բացառություն չէին:

Աղբյուրը՝ Արմենպրես