|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Մենք դեմ չենք հուշագրի տեքստը հրապարակելուն, «Ազատ հայրենիքից» պետք է հարցնեք, նրանց հետ բանակցեք, ես նման խնդիր չունեմ հրապարակելու կամ չհրապարակելու հետ կապված: Այս մասին սեպտեմբերի 9-ին ԱՀ ԱԺ-ում կայացած հանդիպման ժամանակ նշել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը՝ մեկնաբանելով «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի և իր գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցության միջև ստորագրված հուշագրի կետերը հրապարակելու մասին հարցը:
Նրա խոսքով՝ արտառոց ոչինչ տեքստում չկա, բայց հրապարակման հետ կապված հարցը «Ազատ հայրենիքը» պետք է որոշի: Նա նաև ավելացրել է, որ ՀՅԴ Արցախ ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանին հայտնի է հուշագրի տեքստի բովանդակությունը:
Անդրադառնալով երկու քաղաքական ուժերի համագործակցությանը, Սամվել Բաբայանը նշել է, որ հուշագիրը ստորագրվել է, որպեսզի կարողանան միասին ճանապարհ ընթանալ, իրար լսել, հարգել, աշխատավարձ բարձրացնել, տնտեսական հարցեր լուծել, տնտեսական զարգացման ճանապարհ ընտրել: Հակառակ դեպքում «առանց դուռ շրխկացնելու հեռանալու են»:
«Հուշագրում ստորագրված սկզբունքներից մի ստորակետ անգամ չեմ զիջելու և ես դա հենց առաջին բանակցությունների ժամանակ ասել եմ: Մնացած բոլոր հարցերում նախագահը ընտրված է, իրենք մեծամասնություն են պառլամենտում, մենք չենք կարող իրենց ստիպել»,- ասել է ԱԱԽ քարտուղարը:
Սամվել Բաբայանի ելույթից հետո ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ասել է, որ հուշագիրը երկու կուսակցությունների պատվի հարցն է, ավելացնելով, որ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքը և «Միասնական հայրենիք» խմբակցությունը միասին պատասխանատվություն են կրելու կառավարության գործունեության մասով»: