|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հունվարի 24-ին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանն ու պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը հանդիպում են ունեցել Մարտունու շրջանի Շեխեր համայնքի բնակիչների հետ:
Պատգամավորներն անդրադարձել են վերջին 5 տարիների ընթացքում Ազգային ժողովի եւ «Դաշնակցություն» խմբակցության կողմից իրագործված ծրագրերին, երկրի տնտեսական զարգացման, գյուղատնտեսության եւ անվտանգության հարցերին:

Դավիթ Իշխանյանն իր խոսքում նշել է, որ ԱՀ ԱԺ-ում ընդունված օրենքներից «Դաշնակցություն» խմբակցությունը դեմ է քվեարկել ռազմավարական նշանակության, մասնավորապես՝ «Հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ընդերքի մասին ԼՂՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ԱՀ նոր Սահմանադրության, «ԱՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքներին:
Անդրադառնալով ԱՀ նոր Սահմանադրության, «ԱՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքներին՝ Դավիթ Իշխանյանը նշել է, որ երկու հայկական հանրապետություններում պետք է գործի կառավարման համանման համակարգ, ինչի ուղղությամբ ՀՅ Դաշնակցության Արցախի կառույցն ու «Դաշնակցություն» խմբակցությունն աշխատանքներ են ծավալում:
Անդրադառնալով արտաքին ճակատում կատարված աշխատանքներին՝ պատգամավորները նշել են, որ ‹‹Դաշնակցություն›› խմբակցության սերտ համագործակցության շնորհիվ ընդլայնվել է Արցախի բարեկամների շրջանակը եւ կանխվել Եվրոպական տարբեր կառույցներում Ադրբեջանի կողմից նախաձեռնած հակաարցախյան մի շարք բանաձեւերի ընդունումը:
‹‹Մենք աշխատում ենք տարբեր երկրների իշխանությունների եւ քաղաքական ուժերի հետ երկու ճակատով՝ միջազգային ճանաչման գործընթացն հնարավորինս ակտիվացնելով եւ խաղաղություն պահպանելով: ՀՅ Դաշնակցության կառույցները ծառայում են Արցախին››,- ասել է ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչը:

Հանդիպման մասնակիցները մի շարք հարցեր են բարձրացրել՝ ազատամարտիկներին թոշակ տրամադրելու, գյուղացիներին աջակցություններ ցուցաբերելու, գյուղական բնակավայրերում արվեստի կենտրոններ հիմնելու մասին:

Պատգամավորները խոստացել են հնչեցրած հարցերը ներկայացնել ԱԺ քննարկմանը եւ հնարավորության սահմաններում լուծումներ տալ:
