|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ադրբեջանը չի դիտարկում որպես դիտորդ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը մասնակցելու հարցը: Այս մասին հայտնում է minval.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի՝ «Real» հեռուստաալիքին տված հարցազրույցը:
«Ադրբեջանը ներկայումս չի դիտարկում ՀԱՊԿ-ին որևէ ձևով մասնակցության հարցը»,- ասել է նա՝ մանրամասնելով նաև, որ Ադրբեջանն ունի սերտ բարեկամական և գործընկերային հարաբերություններ կազմակերպության անդամ երկրներից բոլորի հետ, բացառությամբ Հայաստանի:
Հաջիևը, միևնույն ժամանակ, շեշտել է, որ, չնայած դրան, «Ադրբեջանն ուշադիր հետևում է ՀԱՊԿ-ի գործունեությանը և այնտեղ քննարկվող հարցերին»:
Ավելի վաղ Երևանում, պատասխանելով լրագրողների հարցերին, Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը հայտարարել էր, որ Մոսկվան դեմ չէ, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանա:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում դիտորդի կամ գործընկեր երկրի կարգավիճակի հավակնող պետությունը պետք է ունենա դիվանագիտական հարաբերություններ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ: Լրագրողների հետ ճեպազրույցում այսպես էր պարզաբանել ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով Յուրի Բորիսովի հայտարարությանը:
Հավելենք,որ ՀԱՊԿ-ի անդամ երկրներն են Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը: