|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Երեւանի քաղաքապետարանը սկսել է պատմամշակութային եւ ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերին տեղադրված գովազդների ապամոնտաժումը: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։
Առաջինն ապամոնտաժվում են Բաղրամյան պողոտայի 1 եւ 2 հասեցեներում գտնվող շենքերի վրա փակցված գովազդային միջոցները:
«Պատմամշակութային շենքերի մասով առկա են հաստատված գովազդային սխեմաներ: Նշված սխեմաներում այս ապամոնտաժվող գովազդային միջոցները նախատեսված չեն եղել: Խնդրի հետ կապված մեզ դիմեցին շենքերի համատիրությունները, որի հիման վրա նախաձեռնեցինք այս գործընթացը», - նշում է քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Գարիկ Խաչատրյանը:
Այս հատվածում գովազդային միջոցները 10-ն են: 8-ն արդեն ապամոնտաժվել են: Շաբաթվա ընթացքում կապամոնտաժվեն նաեւ մյուսները:
«Գովազդակիր կազմակերպությունների հետ քաղաքապետարանի նախաձեռնությամբ տեղի են ունեցել բանակցություններ՝ պատմամշակութային շենքերի վրա տեղադրված գովազդային միջոցներն ապամոնտաժելու համար: Բոլոր տնտեսվարողները պատրաստակամություն հայտնեցին իրենց իսկ միջոցների հաշվին ապամոնտաժել գովազդային միջոցները»,-ասում է Գարիկ Խաչատրյանը:
Վարչական բոլոր շրջաններում գույքագրումը դեռ շարունակվում է: Նախնական հաշվարկով` մայրաքաղաքում կա նմանատիպ ավելի քան 100 գովազդ:
Գովազդային միջոցներն ապամոնտաժելուց հետո կձեռնարկվեն նաեւ համապատասխան քայլեր՝ շենքի ճակատային հատվածները գունային առումով նախկին տեսքի բերելու: