|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ վարչապետի ընտրության հարցին խորհրդարանը կանդրադառնա հոկտեմբերի 24-ին:
Համաձայն ՀՀ սահմանադրության՝ վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել հոկտեմբերի 16-ին: ՀՀ նախագահը նույն օրն ընդունել է կառավարության հրաժարականը: Հետևաբար, Ազգային ժողովի խմբակցությունները մինչև հոկտեմբերի 23-ը վարչապետի թեկնածու առաջադրելու ժամանակ ունեն, իսկ դրան հաջորդող օրն արդեն տեղի կունենա վարչապետի ընտրության հարցի քննարկումը:
Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի համաձայն՝ վարչապետի ընտրության հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը: Այդ օրն Ազգային ժողովի հերթական նիստեր չանցկացվելու դեպքում վարչապետի ընտրության հարցը քննարկվում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում, որի մասին հայտարարությամբ հանդես է գալիս Ազգային ժողովի նախագահը:
Քանի որ հոկտեմբերի 24-ը ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստի օր է, վարչապետի ընտրության հարցին անդրադարձ կլինի հերթական նիստի ընթացքում: