|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեաներին ֆաշիստների հետապնդումից փրկելու համար Իսրայելում պարգևատրվել է Ռաուլ Վալենբերգի անվան մեդալով:
Ըստ Asbarez-ի՝ մեդալի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Իսրայելի նախագահի նստավայրում:
Միջանկյալ նշենք, որ 93-ամյա շանսոնյեն պատրաստվում է համերգով հանդես գալ շաբաթ օրը Թել Ավիվում:
Ազնավուրին մեդալը շնորհել Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը՝ առանձնապես շեշտելով, որ նրա հեղինակած իր ամենասիրած երգը «Լա Բոհեմ»-ն է:
«Պարգևը շնորհվել է Հոլոքոստի տարիներին Ազնավուրի ու նրա ընտանիքի մարդասիրական գործունեության, նացիստների կողմից հետապնդվող մի շարք անձանց թաքցնելու համար: Փրկարարական աշխատանքներում ակտիվ ներգրավվածություն են ունեցել Շառլն ու նրա քույրը՝ Աիդան»,- նշվել է այս կապակցությամբ նախագահականի տարածած հայտարարության մեջ:
«Իմ սիրելի՛ ընկեր, Ձեր ընտանիքը քաջության հիանալի օրինակ է: Հրեա ժողովուրդը երբեք չի մոռանա դա ու մշտապես երախտապարտ կլինի Ձեզ ու Ձեր ընտանիքին»,- ասել է Իսրայելի նախագահը:
Ի պատասխան՝ Ազնավուրն ասել է. «Մենք՝ հայերս և հրեաները, շատ ընդհանուր կետեր ունենք դժբախտության, ուրախության, աշխատանքի, երաժշտության, արվեստի, լեզուներ սովորելու ունակության, մեզ ընդունած երկրներում կարևոր մարդ դառնալու հարցերում»:
Մեդալը ստանալուց հետո Ազնավուրն անսպասելի հարց է ուղղել Իսրայելի նախագահին, թե ե՞րբ է Իսրայելը պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:
Ի պատասխան՝ Ռիվլինն ասել է, որ դա քաղաքական հարց է, որն ինքը բազմիցս բարձրացրել է Քնեսետում: