|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Բեռլինում Թուրքիայի դեսպան Հյուսեյին Ավնի Կարսլըօղլուն զգուշացրել է Գերմանիային, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ մի օգուտ չի տա: Նա հայտարարել է, թե պատմական դեպքերի քննարկումը խորհրդարանների անելիքը չէ. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքական Sondakika.com լրատվակայքի տեղեկացմամբ՝ դեսպանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «ցեղասպանություն» տերմինը ձևակերպվել է Ժնևի պայմանագրի շրջանակներում: Ըստ նրա՝ քաղաքական գործիչները նման հարցերի շուրջ որոշումներ կայացնելիս կարող են առաջնորդվել քաղաքական կամ կրոնական դրդապատճառներով:
Կարսլըօղլուի կարծիքով՝ եթե դաշնային Գերմանիայի խորհրդարանը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա դա դժվար թե դրական ազդեցություն ունենա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա: Թուրքիայի դեսպանն առաջարկել է ցեղասպանությունը ճանաչելու փոխարեն խրախուսել կողմերին՝ խնդիրն ուսումնասիրելու նպատակով համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու համար:
Ցեղասպանության ճանաչմանն ուղղված բանաձևի մշակման աշխատանքները դեռևս շարունակվում են: Օրեր առաջ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբի նախագահ Թոմաս Օպերմանը լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր. «Հունիսի 2-ին դաշնային խորհրդարանը կընդունի, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի զանգվածային կոտորածներն ու տեղահանությունները հենց ցեղասպանություն են եղել»:
Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրն անցյալ տարի էլ Գերմանիայի դաշնային խորհրդարանի օրակարգ էր բերվել, սակայն կոալիցիոն ուժերը խոչնդոտել էին թեմայի քվեարկությունը: Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը և խորհրդարանի նախագահ Նորբերթ Լամերտը Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված իրենց ելույթների ժամանակ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: