Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-10-10 19:11
Հասարակություն

Ֆրանսիայի հետ Հայաստանի առանձնաշնորհյալ հարաբերություններն ակնհայտ իրողություն են ողջ միջազգային հանրության համար. Սերժ Սարգսյան

Ֆրանսիայի հետ Հայաստանի առանձնաշնորհյալ հարաբերություններն ակնհայտ իրողություն են ողջ միջազգային հանրության համար. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 31-րդ նախարարական համաժողովում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար, Ֆրանսիայի Հանրապետության ԱԳՆ Եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրին. տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նախագահը ողջունել է հյուրին և նրան ուղեկցող պատվիրակությանը Հայաստանում՝ բարձր գնահատելով Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 31-րդ նախարարական համաժողովին պարոն Դեզիրի մասնակցությունը:

Սերժ Սարգսյանը նշել է, թե ուրախ է պատվիրակության կազմում տեսնելու նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահին, ում բազմիցս հանդիպել է ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացի շրջանակներում:

Ընդգծելով, որ Ֆրանսիան հայ ժողովրդի համար հոգեհարազատ երկիր է, Նախագահը նշել է, որ Ֆրանսիայի հետ Հայաստանի առանձնաշնորհյալ հարաբերություններն ակնհայտ իրողություն են ոչ միայն երկու երկրների հասարակությունների, այլև ողջ միջազգային հանրության համար:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ Հայաստանը, լինելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության համեմատաբար երիտասարդ անդամ պետություն, կարողացել է իր արժանի տեղը գտնել ֆրանկոֆոն երկրների շարքում և այսօր ընկալվում է իբրև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ամենաակտիվ երկրներից։

Նախագահի համոզմամբ, Ֆրանկոֆոնիան Հայաստանի համար ոչ միայն այդ ձևաչափով բազմակողմ համագործակցության հիանալի հնարավորություն է ընձեռում, այլ նաև արդյունավետ հարթակ է գիտության, կրթության, մշակույթի, տնտեսության և այլ ոլորտներում երկկողմ համագործակցությունը խորացնելու համար: Ըստ Նախագահի, այդ առումով արդեն իսկ կան հայ-ֆրանսիական փոխգործակցության բազմաթիվ խրախուսելի օրինակներ. ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցության շնորհիվ է նաև, որ այսօր Հայաստանում առկա է ֆրանսերենով ողջ կրթական ցիկլը՝ նախակրթարանից մինչև համալսարան:

Արլեմ Դեզիրը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին իր գլխավորած պատվիրակությանը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 31-րդ նախարարական համաժողովը Հայաստանում բարձր մակարդակով հյուրընկալելու համար: Հանդիպման սկզբում նա Սերժ Սարգսյանին է փոխանցել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի ջերմ ողջույնները և ընդգծել, որ Ֆրանսիան շահագրգռված է Հայաստանի հետ բարձր մակարդակի հարաբերություններին համահունչ զարգացնել նաև երկկողմ տնտեսական հարաբերությունները:

Տնտեսական համագործակցության զարգացման տեսանկյունից Արլեմ Դեզիրը կարևորել է 2014թ. մայիսին Ֆրանսիայի Նախագահի` Հայաստան կատարած այցի շրջանակներում համագործակցության մի շարք նոր փաստաթղթերի ստորագրումն ու հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովը՝ տեղեկացնելով, որ այժմ աշխատանքներ են տարվում տնտեսական երկրորդ համաժողովը Փարիզում անցկացնելու ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին: Արլեմ Դեզիրն ընդգծել է, որ Ֆրանսիան պատրաստակամ է հնարավորինս սատարել Հայաստանի և Եվրամիության միջև իրավական նոր փաստաթղթի մշակման գործընթացին՝ ջանքեր ներդնելով այդ գործընթացը լավագույն և հաջող արդյունքներով ավարտին հասցնելու ուղղությամբ:

Սերժ Սարգսյանը և Արլեմ Դեզիրը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի շուրջ: Արլեմ Դեզիրը վստահեցրել է, որ Ֆրանսիան, որպես համանախագահ երկիր, առավել քան երբևէ համոզված է, որ հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծումն այլընտրանք չունի, և ստանձնած հանձնառությունների շրջանակում Ֆրանսիան անելու է ամեն հնարավորը բանակցային գործընթացի միջոցով հակամարտության խաղաղ կարգավորման համար