|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Եվրոպական ժողովրդական կուսակցության և ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռիգայում հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության նախագահ Անդրիս Բերզինշի հետ:
Երկու երկրների նախագահները բարձր են գնահատել փոխըմբռնման ոգով զարգացող հայ-լատվիական քաղաքական երկխոսությունն ու միջպետական հարաբերությունների դինամիկան և ընդգծել այդ դինամիկան զարգացնելու կարևորությունը: Սերժ Սարգսյանը և Անդրիս Բերզինշը երկկողմ հարաբերությունների օրակարգից բացի, քննարկել են Եվրամիության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության հետագա ընթացքին վերաբերող հարցեր:
Հանդիպմանը Լատվիայի նախագահը նշել է, որ Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի որոշումը, իր գնահատմամբ, պրագմատիկ որոշում էր, իսկ ՀՀ բազմակողմ հավասարակշիռ մոտեցումը ողջունելի է: Ըստ նրա, այսօր ԵՄ-ում դրա արդյունավետությունն ու օգտակարությունն ավելի ու ավելի են ըմբռնում:
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է բարեկամ Լատվիայի հետ զարգացնել հարաբերությունները նաև տնտեսական ոլորտում: Նախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ ընդհանուր սկզբունքների հիման վրա բարեփոխումների իրականացման և երկրում ժողովրդավարության խորացման ուղղությամբ:
Նախագահներն անդրադարձել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին: