|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այդպես էլ չլսեց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի դիրքորոշումը ԱԺ-ի կողմից ժամեր առաջ ընդունված օրինագծի մասին, որը թույլատրում էր հեռուստաընկերություններին գովազդել թունդ ալկոհոլային խմիչք, սակայն լրագրողների հետ զրույցում Դերենիկ Դումանյանը չկարողացավ խուսափել այդ հարցից:
Նա նշեց, որ ինքը դեմ է թունդ ալկոհոլային խմիչքը գովազդելուն: «Կառավարության նիստի ժամանակ ես իմ բացասական տեսակետը հայտնել եմ այդ օրինագծի վերաբերյալ, սակայն այստեղ խնդիրը դրված է տնտեսական ակտիվ գործողությունների վրա: Այդ օրինագծի ընդունումը կարող է տնտեսական լրացուցիչ ակտիվություն բերել և նոր ֆինանսական հոսքեր նախատեսել: Ազգային ժողովն օրենքն ընդունելուց հենց այս փաստերն է հաշվի առել»,- ասաց Դերենիկ Դումանյանը:
Դիտարկմանը, թե նախարարի բացասական գնահատականը դրական արդյունք չտվեց, և օրինագիծն ընդունվեց ԱԺ-ի կողմից, Դերենիկ Դումանյանն ասաց. «Կառավարությունը չի որոշում օրենքների ընդունման հարցը, այլ Ազգային ժողովը: Ես կառավարությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ իմ բացասական տեսակետն արտահայտել եմ: Թե Ազգային ժողովն ի՞նչ եզրահանգում կտա, դա այլ հարց է»: