|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թեեւ խորհրդարանական ընտրությունների մեկնարկին դեռ վեց ամիս ժամանակ կա, սակայն քաղաքական դաշտն արդեն սկսել է ապրել նախընտրական «օրենքներով»: Հիմնական դերակատարներն անցել են հոգեբանական-քարոզչական սուր դիմակայության` գործի դնելով ուլտիմատումների լեզուն, պատվիրված սոցհարցումները, միմյանց ջգրու մասսայական կուսակցականացումները:
Իրավիճակի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ ընդդիմության հարաբերական հանգստության ֆոնին ակնհայտ շտապողականություն ու նյարդայնություն են հանդես բերում իշխանական ուժերը, որոնք գոնե այս փուլում դրա կարիքը չպետք է ունենային: Ընտրապայքարը սկզբունքային ու կոշտ է լինելու, ինչն, իհարկե, դրական ազդակ է. հասարակությունը գործընթացի մեջ չի մտնելու նախորդ ընտրություններին բնորոշ ելքի կանխորոշվածության և քվեարկելու անիմաստության զգացողությամբ:
Սա ընտրական սուբյեկտի կարգավիճակը քաղաքացուն վերադարձնելու եզակի հնարավորություն է: Այս իմաստով, առավել քան երբևէ, խաղի կանոնների, դրանք պահպանելու շուրջ հստակ պայմանավորվածություններ ձեռք բերելու անհրաժեշտություն է առաջանում: Եթե մասնակից ուժերն այս համոզմունքով չառաջնորդվեն ու կոնկրետ քայլեր չկատարեն, նման խոստումնալից մեկնարկը կարող է մեր հասարակության համար շատ ավելի հիասթափեցնող հետևանքների հանգեցնել: