|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ադրբեջանը որեւէ խնդիր չի տեսնում Թուրքիայի հետ այցագրային ռեժիմը երկկողմանիորեն վերացնելու հարցում, սակայն դրան դեմ է Իրանը. թուրքական «Զաման» թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի պետ Ալի Հասանովը:
Ըստ նրա` Իրանը պահանջել է, որ Ադրբեջանն իր հետ նույնպես վերացնի այցագրային ռեժիմը, հակառակ դեպքում սպառնացել է փակել Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ միջանցքը: Հետեւաբար, Ադրբեջանը ստիպված է երկու երկրների հետ այդ պայմանագրերը միաժամանակ կնքել, թեեւ Հասանովը չի կարծում, որ Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են վերացնել այցագրային ռեժիմը միանգամից երկու երկրների հետ։
Ադրբեջանցի պաշտոնյան նաեւ մտահոգություն է հայտնել` Իրանից թմրանյութերի թրաֆիկի հետ կապված. «Իրանից Ադրբեջանի տարածքով ապօրինաբար Եվրոպա է արտահանվում մոտ 300 տոննա թմրանյութ։ Հնարավոր է լինում բռնագրավել միայն 5-10 տոննան։ Այդ ամենի հետևանքով Ադրբեջանի երիտասարդների շրջանում տարածվում է թմրամոլությունը»:
Ըստ նրա` դա էլ է պատճառ, որ Իրանի հետ այցագրային ռեժիմի վերացումը չհամապատասխանի Ադրբեջանի ազգային շահերին: Բացի այդ` Իրանում քաղաքական անկայուն իրավիճակը կարող է նպաստել փախստականների հոսքին Ադրբեջան: