|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հունիսի սկզբին Երեւանի կենդանաբանական այգու նորանշանակ տնօրեն Ռուբեն Խաչատրյանը երկու սեւաթույր կարապներին պայմանագրով հանձնել էր «Օպելա» ՍՊԸ-ին, որը տարիներ առաջ շահագործման համար 25 տարով վարձակալել էր Պարզ լիճը:
Կազմակերպությունը կարապների դիմաց նախապես վճարել է մոտ 380 հազար դրամ ու պարտավորվել թռչուններին հետ վերադարձնել նոյեմբերին: Սակայն 10 օր անց պարզվեց, որ կարապները սատկել են:
Կենդանաբանական այգու տնօրենն անմիջապես հայտարարեց, որ կարապները սատկել են անհայտ վիրուսից, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում էլ նույնիսկ պարզաբանեց, թե վարակը տարածել են չվող թռչունները:
«Առաջին կարապը, որ ուղարկել են մեզ ախտաբանական փորձաքննություն անցկացնելու, արդեն նեխած էր, եւ ներքին օրգաններն այնպիսի վիճակում էին, որ հնարավոր չէր լաբորատոր փորձաքննություն անցկացնել»,- «Երկիր»-ի հետ զրույցում ասաց «Անասնաբուժական հակահամաճարակային եւ ախտորոշիչ կենտրոն» ՊՈԱԿ-ի անասնաբուժական լաբորատորիայի ախտորոշումների բաժնի վարիչ Արամայիս Խաչատրյանը:
Նա նաեւ նշեց, որ երկրորդ կարապի փորձաքննությունը հնարավոր եղավ, քանի որ այն, ի տարբերություն նախորդի, սատկելուց հետո ավելի արագ ներկայացվեց. «Մեզ անգամ չէին ասել, թե որտեղից են բերվել կարապները: Ես միայն վերջերս եմ իմացել, որ դրանք եղել են Պարզ լճում: Ինչեւէ, կարող եմ ասել, որ թռչունների մոտ թունավորման ախտանշաններ չեն հայտնաբերվել: Թռչունները սատկել են սթրեսի պատճառով»:
«Երկիր»-ի հարցին, թե Պարզ լճում մոտորանավակների շահագործումը կարո՞ղ է կարապների սթրեսի պատճառ հանդիսանալ, Ա. Խաչատրյանը պատասխանեց. «Այո, չի բացառվում: Ասեմ նաեւ, որ սթրեսի պատճառ կարող է լինել նաեւ տեղանքից տեղանք տեղափոխելը եւ անսովոր միջավայրը»: