կարևոր
397 դիտում, 49 րոպե առաջ - 2026-10-19 19:23
Աշխարհ

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Իսպանիայում «Ադամ» մթնոլորտային երևույթով պայմանավորված հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Իսպանիայի հանրային հեռարձակողի՝ RTVE-ի հոկտեմբերի 19-ի հաղորդումը, Վալենսիայի ինքնավար համայնքի Օլիվա բնակավայրում հայտնաբերվել է երկու զոհ։ Եվս երկու մարդ մահացել էր հանգստյան օրերին՝ Բարսելոնայի նահանգում և Սագունտոյում։ Օլիվայում հետաքննվում են նաև մեկ այլ կնոջ մահվան հանգամանքները։

Առավել ծանր իրավիճակը Վալենսիայի ինքնավար համայնքում է, որտեղ որոշ հատվածներում տեղումների քանակը հասել է մեկ քառակուսի մետրի հաշվով 700 լիտրի։ Ջուրը հեղեղել է փողոցներն ու տները, մարդիկ մնացել են շենքերում և տանիքներին։

Իշխանությունները առավոտյան տեղաշարժի սահմանափակումներ էին սահմանել 145 համայնքում՝ շուրջ 800 հազար բնակչի համար։ Հետագայում սահմանափակումները պահպանվել են միայն ութ համայնքում։ Փրկարարական աշխատանքներում ներգրավվել են նաև ուղղաթիռներ։

Քաղաքացիական գվարդիայի տվյալներով՝ տարհանվել է ավելի քան երկու հազար մարդ։ Անձրևների պատճառով երկրում փակվել է 27 ճանապարհ, իսկ Վալենսիայի և Ալիկանտեի նահանգներում ավելի քան 100 հազար աշակերտի համար դասերը դադարեցվել են։