|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի ծառայողները բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի, և ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի գլխավորությամբ, օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզել են երեկ՝ սեպտեմբերի 29-ին, Երևանի Տիչինա փողոցի 320 հասցեում գտնվող «Դեֆանս Հաուզինգ» բնակելի թաղամասում ողբերգական դեպքի հետևանքով 3 մահացածներից 2-ի ինքնությունը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածներն են Երևանի բնակիչ 37-ամյա Անդրանիկ Անտոնյանը և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 47-ամյա Ռազաեվիպուր Համիդ Նաջաֆալինը։ Երրորդ մահացածի ինքնությունը պարզվում է։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարզվել է նաև, որ մահացածները «Դեֆանս Հաուզինգ» ընկերության աշխատակիցներ չեն եղել, առնչություն չեն ունեցել «Դեֆանս Հաուզինգ»-ի հետ, պարզապես նրանք աշխատում էին «Շին Վեկտոր» ՍՊԸ-ում և նշված ՍՊԸ-ին պատկանող աշտարակային վերամբարձ կռունկի երկաթյա կոնստրուկցիաները պոկվելու հետևանքով վայր են ընկել, որի ժամանակ նրանք կռունկի վրա աշխատանքներ կատարելիս են եղել։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ սեպտեմբերի 29-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն էին ստացվել, որ Տիչինա փողոցում ապամոնտաժման աշխատանքներ կատարելու ժամանակ աշտարակային կռունկը շրջվել է և կան զոհեր։
Դեպքի փաստով քննչական բաժնի պետ Է. Բալոյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ, որտեղ էլ նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Մաշտոցի համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզում էին մահացածների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ աշտարակային կռունկը պատկանում էր «Շին Վեկտոր» ընկերությանը, որը նշված շենքի շինարարության հետ ընդհանրապես կապ չի ունեցել, պարզապես երեկ ժամանել էին, որպեսզի աշտարակային կռունկը ապամոնտաժեին, ինչն էլ, ցավոք, ողբերգական ավարտ էր ունեցել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։