կարևոր
907 դիտում, 2 ժամ առաջ - 2026-09-03 10:50
Հասարակություն

Պարզվել է «ՊԱԶ» ավտոբուսի և «Opel Zafira»-ի բախման հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը

Պարզվել է «ՊԱԶ» ավտոբուսի և «Opel Zafira»-ի բախման հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը

ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Արթուր Մնոյանի կողմից Ապարանի քննչական բաժնում  ստեղծված քննչական խմբում պարզվել է երեկ՝ սեպտեմբերի 2-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածներին են Ս․ Կարապետյանը, Ս․ Թմոյանը, Թ․ Թմոյանը, Մ․ Մանուկյանը և Ի․ Պապյանը։

Վիրավորներին են Ս. Երիցյանը, Վ․ Գևորգյանը, Ն․ Գևորգյանը, Մ․ Գրիգորյանը, Ք․ Գրիգորյանը, Մ․ Նիկողոսյանը, Մ․ Բեգոյանը, Գ․ Ավագյանը, Ա․ Գևորգյանը, Ա․ Ղարիբյանը և Լ․ Գևորգյանը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է «Opel Zafira»-ն, որը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատային բախում ունեցել Երևան-Արթիկ երթուղին սպասարկող «ՊԱԶ» ավտոբուսին։

Քննիչի որոշմամբ նշանակվել են դիակի դատաբժշկական և ավտոտեխնիկական փորձաքննություններ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ երեկ՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:15-ի սահմաններում Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բախվել էին մարդատար «ՊԱԶ» ավտոբուսն ու «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան։

Վթարի հետևանքով 5 անձ մահացել էր, 11 անձ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Ապարանի և տարբեր բժշկական կենտրոններ։

Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Դեպքի վայր էր ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գևորգ Զաքարյանը։

Մահացածներից մի քանիսին ավտոմեքենայից դուրս էին բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մարդատար «ՊԱԶ» ավտոբուսը սպասարկում էր Արթիկ-Երևան երթուղին։