կարևոր
460 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-02 14:30
Քաղաքական

Խաղաղությունը չպետք է լինի ազատության հաշվին. Բաղունց

«Արցախի հարցը օրակարգում պահելու խնդիր ունենք, բայց այսօր, նկատի առնելով Հայաստանի անվտանգությանը սպառնացող սպառնալիքները, մեր քայլերը հաշվարկված են»,-  «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը։

Նա նշեց, որ Արցախի հարցը ոչ միայն քաղաքական բաղադրիչ ունի, նաև սոցիալ-տնտեսական, իրավական, հումանիտար։ 

«Բոլոր այդ ուղղություններով փորձում ենք գործունեություն ծավալել»,- ասաց Բաղունցը։ 

Հարցին՝ ինչո՞ւ չի հաջողվում ընտրել Արցախի ԱԺ նախագահ, նա պատասխանեց. «Ինձ գաղտնիք մնաց՝ որտեղի՞ց է այդ տեղեկությունը, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները չեն հավաքվում, քվորում չի ապահովվում։ Նման խնդիր չկա։ Կան բավականին լուրջ քննարկումներ, որոնք նկատի են առնում մեր ամբողջ պոտենցիալը՝ թե քաղաքական, թե հանրային և հաշվի են առնում Հայաստանի Հանրապետությունում տիրող մթնոլորտը և այն մարտահրավերները, որոնք կան Հայաստանի Հանրապետությունում։ Մենք բոլոր այդ հանգամանքները նկատի առնելով՝ ժամանակավոր այդ հարցը սառեցրել ենք։ Բռնի տեղահանումից և Հայաստան տեղափոխվելուց հետո մենք մեր բոլոր քայլերը հաշվարկում ենք և ծրագրավորում ենք՝ նկատի առնելով այն հանգամանքը, որ մենք կորցրել ենք Արցախը, փորձում ենք մեր բոլոր քայլերը պլանավորենք այնպես, որ հանկարծ չվնասենք Հայաստանին»։ 

Հարցին՝ արդյո՞ք ճնշումներ կան Հայաստանի իշխանությունների կողմից Արցախի ինստիտուտների պահպանման, ընտրության կազմակերպման հարցում,  Բաղունցը պատասխանեց. «Երևի ինքներդ այդ հարցի պատասխանը շատ լավ գիտեք՝ դիտելով այն ելույթները, հայտարարությունները, որոնք հնչում են տարբեր հարթակներում։ Մենք պատրաստ ենք նման ճնշումների»։ 

Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 2-ն Արցախի Հանրապետության անկախության օրն է։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակի առիթով կազմակերպվել է այց Եռաբլուր զինվորական  պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչը» հուշակոթողին։