|
Փոխարժեքներ
31 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Երեկ՝ օգոստոսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22:05-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 56 կմ հատվածում՝ Գագարին բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենան և «KamAZ» մակնիշի բեռնատարը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վանսվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Բախման հետևանքով «Toyota Alphard»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտվել ծառերի մեջ։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները հոսանքազրկել են «Toyota»-ն, ապա մահացածի մարմինը պատգարակով մոտեցրել դիատարին։
Վթարի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին որտեղից ժամանել է քննչական խումբը վարչության պետ Սարգիս Մարգարյանի, վարչության պետի տեղակալ Արման Հովհաննիսյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի վարորդների մահացածի և վիրավորների ինքնությունը։