|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ռուս-ուկրաինական պատերազմի ողջ ընթացքում հայազգի անձինք կռվել են ե՛ւ ռուսական կողմից, ե՛ւ ուկրաինական: Մեր տեղեկություններով, ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Ուկրաինան շարունակում են ակտիվորեն Հայաստանում հավաքագրել տղամարդկանց, այդ թվում՝ հայկական բանակի գործող զինծառայողներին, որ նրանք մեկնեն ռազմաճակատ եւ բարձր վարձատրության դիմաց կռվեն օտար հողում:
Թեկնածուներ ընտրելու հարցում, մեզ հասած տեղեկություններով, Ռուսաստանին որոշակի ծառայություններ են մատուցում նաեւ Խորհրդային Միությունից ժամանակին Հայաստան եկած որոշ սպաներ, որոնք դեռ շարունակում են աշխատել պաշտպանության համակարգում: Նրանց աշխատանքը, բնականաբար, «վարձատրվում» է: Ընտրությունը կատարվում է ե՛ւ վետերանների, ե՛ւ պահեստազորի զինծառայողների թվից: Հավաքագրմանը մասնակցում են նաեւ ռուսական բանակի «հայկական գումարտակի» ներկայացուցիչները։
Ուկրաինական կողմը մի փոքր այլ կերպ է աշխատում` կամավորներ ներգրավում է էթնիկ հայերից, որոնք ապրում են Ուկրաինայում: Հայաստանում էլ են կռվող տղերք փնտրում։ Այս հարցում կարեւոր դերակատարում ունեն Ուկրաինայի ազգային գվարդիայի 23-րդ`«Խարտիա» գնդի հրամանատար Համլետ Ավագյանը եւ մի խումբ հայազգի սպաներ, որոնք Հայաստանում իրենց կապերն են օգտագործում՝ կամավորների հավաքագրման համար։ 2026 թվականի մարտից ի վեր, մեր տեղեկություններով, 10 անձ է հավաքագրվել ուկրաինական ճակատի համար։
Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը տեղեկացված է այս մասին, նա ուժայիններին հրահանգել է հնարավորինս ընդարձակ տեղեկատվություն տրամադրել իրեն, բայց որեւէ կերպ չմիջամտել այդ գործընթացներին: Հնարավոր է, որ այդ տեղեկատվությունը հետագայում օգտագործվի նշված երկրների հետ հարաբերությունների «կարգավորման» ժամանակ: