կարևոր
661 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-13 13:41
Աշխարհ

ՄԱԿ-ը գտնվում է երկարատև ճգնաժամի մեջ. ՌԴ ԱԳ փոխնախարար

ՄԱԿ-ը գտնվում է երկարատև ճգնաժամի մեջ. ՌԴ ԱԳ փոխնախարար

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) գտնվում է երկարատև ճգնաժամի մեջ, իսկ ռուսական կողմը հետևում է գլխավոր քարտուղարի պաշտոնի բոլոր թեկնածուներին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը, գրում է ТАСС-ը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, որը համարվում է համաշխարհային կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուներից մեկը, հայտարարել էր, որ ՄԱԿ-ը աստիճանաբար կորցնում է իր նշանակությունը և դանդաղորեն «մահանում է»։

«ՄԱԿ-ը գտնվում է որոշակի ճգնաժամի մեջ։ Այս ճգնաժամը երկարատև է, և ՄԱԿ-ի ներկայիս ղեկավարությունը, մասնավորապես՝ նրա գլխավոր քարտուղարը, հիանալի հասկանում են այն դժգոհությունների էությունը, որոնք ռուսական կողմը ներկայացնում է նրանց հասցեին», - նշել է փոխնախարարը։

Մեկնաբանելով Գրոսիի հայտարարությունը՝ Ռյաբկովը նշել է. «Կտրուկ գնահատականներ տալը, իհարկե, որակ է, որը հարգանք է առաջացնում։ Մենք ուշադիր հետևում ենք այս պաշտոնի բոլոր թեկնածուների ազդանշաններին՝ կապված այն բանի հետ, թե ինչ են նրանք պատրաստվում անել, եթե կարողանան անցնել ամբողջ գործընթացը և ընտրվել։ Սակայն հավաստիացումները, խոսքերը, խոստումները և արձանագրումները քիչ են։ Անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ»։

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալի խոսքով՝ ռուսական կողմի դժգոհությունները, ի թիվս այլ հարցերի, կապված են միջազգային կառույցի ղեկավարությունում արևմտյան երկրների քաղաքացիների գերակշռող ներկայության, անաչառության բացակայության և երկակի չափանիշների քաղաքականության հետ։

«Այս ամենը ապագա գլխավոր քարտուղարը պետք է արմատապես շտկի։ Արդյո՞ք ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը ունակ է նման քայլերի՝ սա հարց է», - հավելել է Ռյաբկովը։